Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ առանց ԱՄՆ նախագահի մասնակցության, անձնական ներգրավվածության եւ նախաձեռնության խաղաղության գործընթացն անորոշ կլիներ:
Կառավարությունից հայտնում են, որ պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող վարչապետն այդ մասին ասել է փետրվարի 25-ին՝ Լեհաստանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում հանդիպելով դիվանագետների եւ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ:
Միանշանակ է, որ ԱՄՆ նախագահի նախաձեռնությունը եւ մասնակցությունը շատ կարեւոր դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղության համար, ավելացրել է Նիկոլ Փաշինյանը:
«Շատ կարեւոր է ընդգծել, որ 2025 թվականն առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ հայկական եւ ադրբեջանական զորքերի միջեւ հրաձգությունների պատճառով չեղան սահմանային զոհեր: Եվ հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Լուսանկարը` primeminister.am
Նա նշել է, որ խաղաղությունը կառուցման փուլում է, որի մասին պետք է հոգ տանել.
«Դա է հիմնական գաղափարը, որը փորձում եմ ներկայացնել մեր ժողովրդին՝ խաղաղությունը պետք է ամրապնդել, ինստիտուցիոնալ դարձնել:
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ TRIPP նախագծի մասին.
«Դա ներդրումային նախագիծ է Հայաստանի տարածքում եւ այն ներառելու է երկաթուղի Հայաստանի տարածքով, որը կկապակցի արեւելքը եւ արեւմուտքը, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջեւանի ինքնավար հանրապետության հետ եւ կբացի երկաթուղային կապը Հայաստանի համար դեպի հարավ: Ինչ խոսք, այն նաեւ նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպական Միության համար, քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակի բերումով այժմ մենք մատակարարման շղթաների ճգնաժամ ունենք աշխարհում»:
















