Փաշինյանը կարեւորել է ԵՄ հետ գործակցության խորացումը - Mediamax.am

Փետրվար 17, 2026
98 դիտում

Փաշինյանը կարեւորել է ԵՄ հետ գործակցության խորացումը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանի հետ հանդիպմանը կարեւորել է Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության շարունակական խորացումը:

Կառավարությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպական միության հետեւողական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության, տնտեսական զարգացման եւ պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացում:

 

«Գերտ Յան Կուպմանը վերահաստատել է Եվրոպական հանձնաժողովի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին եւ ընդգծել ԵՄ-Հայաստան գործընկերության ընդլայնման ուղղությամբ արձանագրված առաջընթացը։ 

 

Կողմերը քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության ընթացիկ ծրագրերը, ինչպես նաեւ ապագա նախաձեռնություններն՝ ուղղված տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը եւ տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։

 

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ խաղաղության օրակարգին։ Վարչապետը ներկայացրել է կառավարության դիրքորոշումներն՝ ուղղված տարածաշրջանում կայուն եւ տեւական խաղաղության հաստատմանը»,- ասվում է կառավարության հաղորդագրությունում:




Մեր ընտրանին