Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ'Ֆլահերթին ամփոփել է Հայաստան կատարած այցի արդյունքները, որի ընթացքում հատուկ ուշադրություն էր դարձրել երեք հարցի՝ խտրականության կանխարգելմանը, կանանց նկատմամբ բռնությանը եւ «Հայաստան տեղահանված ղարաբաղցի հայերի իրավունքներին»։
Մայքլ Օ'Ֆլահերթիի զեկույցում, մասնավորապես, ասվում է.
«Հանձնակատարը նշել է Հայաստանի բացառիկ համերաշխությունը եւ գործնական աջակցությունը Հայաստան տեղահանված ղարաբաղցի հայերին։ Արտակարգ օգնության՝ կացարանի, սոցիալական ծառայությունների, ֆինանսական աջակցության եւ կրթական հնարավորությունների արագ մոբիլիզացումը արտացոլում է Հայաստանի հյուրընկալ վերաբերմունքը։ Մինչ երկիրն անցում է կատարում արտակարգ օգնությունից դեպի երկարաժամկետ ինտեգրում, Հանձնակատարն ընդգծում է առաջիկա մարտահրավերները՝ տնտեսական ինտեգրման ապահովումը, բնակարանային հնարավորությունների բարելավումը, անձը հաստատող եւ կենսաթոշակ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի վերականգնումը եւ քաղաքացիության ապահովումը։
Հանձնակատարը ողջունում է իշխանությունների կողմից այդ խնդիրների ճանաչումը եւ աջակցության ծրագրերն առավել ներառական դարձնելու շարունակական ջանքերը՝ առաջնահերթություն տալով առավել խոցելի խմբերին։ Նա հորդորում է ՀՀ իշխանություններին ընդունել ինտեգրման համապարփակ եւ ռեսուրսներով ապահովված ռազմավարություն՝ տեղահանված անձանց, քաղաքացիական հասարակության եւ միջազգային գործընկերների մասնակցությամբ։
Հանձնակատարը նաեւ հիշեցնում է, որ կամավոր, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի իրավունքը կարեւոր է մնում ղարաբաղցի հայերի համար, եւ կոչ է անում իշխանություններին ապահովել, որ տեղահանված անձինք լինեն լիարժեք տեղեկացված եւ աջակցություն ստանան՝ իրենց ապագայի վերաբերյալ ազատ որոշումներ կայացնելու համար։ Նա ընդունում է այս հարցի զգայունությունը շարունակվող խաղաղության գործընթացի համատեքստում եւ կոչ է անում շարունակել ջանքերը՝ ուղղված բոլոր տեղահանված անձանց իրավունքների հարգմանը եւ կարիքների բավարարմանը։
Ինտեգրման հաջողված ռազմավարությունը պետք է ներառական եւ համապարփակ լինի։ Չափազանց կարեւոր է, որ առավել խոցելիները, այդ թվում՝ երեխաները, տարեցները եւ հաշմանդամություն ունեցող անձինք, ուշադրությունից զրկված չմնան: Դա պահանջում է ռեսուրսներով ապահովված ռազմավարություն՝ մշակված քաղաքացիական հասարակության հետ գործընկերությամբ, որը կերաշխավորի ոչ միայն կացարան եւ աշխատանք, այլեւ յուրաքանչյուր անհատի՝ իր ապագայի ազատ եւ գիտակցված ընտրության իրավունքը»։















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: