Կալաս. Ընտրություններին ընդառաջ Հայաստանը օգնություն է խնդրել ԵՄ-ից - Mediamax.am

Դեկտեմբեր 15, 2025
148 դիտում

Կալաս. Ընտրություններին ընդառաջ Հայաստանը օգնություն է խնդրել ԵՄ-ից


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ասել է, որ 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը օգնություն է խնդրել ԵՄ-ից։

Կալասն ասել է, որ այդ հարցը քննարկվելու է այսօր Բրյուսելում՝ ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային նախաճաշի ընթացքում, հաղորդում է Ազատությունը:

 

«Հայաստանում հաջորդ տարի ընտրություններ են, եւ մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ՝ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային», - նշել է Կայա Կալասը։

 

Մեդիամաքսը նշում է, որ դեկտեմբերի 9-ին ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, Կայա Կալասն ասել էր.

 

«Մենք տեսնում ենք, որ որքան մերձենում է երկիրը Եվրոպական միության հետ, այնքան ուժգնանում է ճնշումը չարամիտ արտաքին ազդեցության կողմից: 

 

Ռուսաստանը եւ նրա պրոքսիները ուժեղացնում են ապատեղեկատվական արշավները, այդ թվում Հայաստանում՝ հաջորդ տարվա ընտրություններին ընդառաջ: Մոլդովան այս տարվա հիմնական թիրախն էր, բայց նաեւ լավագույն ապացույցը, որ այդ մարտահրավերը հաղթահարելի է:

 

Մենք կշարունակենք մոբիլիզացնել Արտաքին գործողությունների ծառայության միջոցները, որոնք ստեղծել ենք վերջին տասնամյակում՝ միաժամանակ աջակցելով քաղաքացիական հասարակությանը եւ ազատ մեդիային: Ինչպես սովորեցինք Մոլդովայից, արտաքին միջամտությանը հակազդելու եւ ընտրությունների մաքրությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է «ամբողջ հասարակություն» մոտեցումը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին