Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Հայաստանի եւ Եվրոպական միության գործընկերությունը մտնում է «նոր եւ ավելի հավակնոտ փուլ»:
Այդ մասին նա ասել է դեկտեմբերի 2-ին Բրյուսելում՝ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Մի քանի րոպե առաջ մենք ընդունեցինք նոր՝ Հայաստան–ԵՄ ռազմավարական օրակարգը, որը լրացնում է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) եւ մեր գործընկերության օրակարգը բարձրացնում ռազմավարական մակարդակի։ Եվ սա բացարձակապես մեր հավակնությունների վերջը չէ. ինչպես տեղյակ եք, Հայաստանի խորհրդարանը մարտին ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։
Այսօրվա հանդիպման ուղերձը հստակ է. Հայաստան–ԵՄ գործընկերությունը մտնում է նոր եւ ավելի հավակնոտ փուլ՝ մեր քաղաքացիների համար կոնկրետ նշանակալի արդյունքներ ապահովելու ընդհանուր տեսլականով եւ պատասխանատվությամբ։ Առաջին Հայաստան–ԵՄ գագաթնաժողովը, որը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 5-ին Երեւանում՝ անմիջապես Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից հետո, կդառնա եւս մեկ բացառիկ առիթ այդ ճանապարհին», - ասել է Արարատ Միրզոյանը:















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: