Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի հետ հանդիպմանը նշել է, որ վերջին ժամանակահատվածում երկու երկրների միջեւ համագործակցությունը բարձրացել է նոր մակարդակի։
Կառավարությունից հայտնել են, որ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ–ի եւ անձամբ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործում։ Վարչապետը կարեւորել է Վաշինգտոնում օգոստոսի 8–ին տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ դրանց իմպլեմենտացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը՝ նախատեսված ժամանակացույցի համապատասխան։ Երկրի ղեկավարն ընդգծել է նաեւ ԱՄՆ–ի հետ երկկողմ հարաբերություններում ձեւավորված հարուստ օրակարգի փաստը, որը ներառում է տարբեր ոլորտներ եւ ուղղություններ։
«ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել հյուրընկալելու համար՝ նշելով, որ Երեւան է այցելել նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի կողմից օգոստոսյան հանդիպումների ժամանակ սահմանված տեսլականն առաջ մղելու համար։ Էլիսոն Հուքերը նշել է, որ Երեւան է այցելել քննարկելու առեւտրի, ներդրումների, ենթակառուցվածքների, տարածաշրջանային կապի եւ անվտանգության ոլորտներում համագործակցությունը խորացնելու հարցերը։ Միաժամանակ, նա ընդգծել է պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերի գլխավորությամբ երկկողմ աշխատանքային խմբերի գործունեության մեկնարկի փաստը, որի նպատակն է՝ պատմական գագաթնաժողովին ընդունած երկկողմ համաձայնագրերը կյանքի կոչելը եւ միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար Թրամփի ուղին զարգացնելը։
Պետքարտուղարի տեղակալը շեշտել է, որ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ շարունակական համագործակցությունը, զուգորդված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լիարժեք խաղաղության համաձայնագրի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հետ, խոստանում է բացել Հարավային Կովկասը՝ որպես կենսականորեն կարեւոր առեւտրային ուղի։ Նրա համոզմամբ՝ սա կստեղծի նշանակալի օգուտներ եւ՛ ամերիկացի, եւ՛ հայ ժողովուրդների համար, ինչը հնարավոր է դարձել նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի առաջնորդության շնորհիվ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Թրամփի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, աշխատանքային խմբերի գործունեությանը, TRIPP նախագծի իրականացմանը եւ առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր»,- ասվում է կառավարության հաղորդագրությունում:















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: