Փաշինյան. Սպառնալիքները վերացական չեն, դրանք իրական եւ գլոբալ են - Mediamax.am

Հոկտեմբեր 30, 2025
260 դիտում

Փաշինյան. Սպառնալիքները վերացական չեն, դրանք իրական եւ գլոբալ են


Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «արհեստական բանականությունը զարգանում է, և բովանդակության մանիպուլյացիան դառնում է ավելի ու ավելի խճճված»

«Մենք պետք է գիտակցենք այսօրվա մարտահրավերների լրջությունը՝ հիբրիդային սպառնալիքներ, արհեստական բանականության էքսպոնենցիալ աճ, ճշմարտության և կեղծիքի միջև սահմանների մշուշոտում, ապատեղեկատվության զենքի վերածումը։ 

 

Այս սպառնալիքները վերացական չեն, դրանք իրական են, անմիջական և գլոբալ։ Դրանք մարտահրավեր են նետում ժողովրդավարական կառավարման հիմքերին, հանրային վստահությանը, բևեռացնում են հասարակությունները և թուլացնում ժողովրդավարական ինստիտուտները ներսից», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հոկտեմբերի 29-ին ելույթ ունենալով Փարիզի խաղաղության համաժողովի ջրջանակում անցկացված Տեղեկատվության ամբողջականության և անկախ լրատվության վերաբերյալ բարձր մակարդակի միջազգային կոնֆերանսին:

 

«Արտաքին ուժերի կողմից տեղեկատվության մանիպուլյացիան և միջամտությունը աշխարհում անվտանգության հետ կապված աճող մտահոգություն է։ Մենք կարծում ենք, որ այս սպառնալիքների հաղթահարումը պահանջում է իրական համագործակցություն համանման մտածողությամբ պետությունների միջև, որոնք կիսում են մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնարար արժեքները։

 

Տեղեկատվական մանիպուլյացիայի նկատմամբ դիմադրողականության խթանումը պետք է սկսվի կրթությունից, քանի որ այսօր տեխնոլոգիաների զարգացումն ամբողջությամբ փոխել է ավանդական լրատվամիջոցների հայեցակարգը։ Մեզնից յուրաքանչյուրը՝ ձեռքում ունենալով սմարթֆոն, հնարավորություն ունի ստեղծել լրատվություն։ Եվ սա ընդգծում է յուրաքանչյուր անհատի մեդիագրագիտության կարևորությունը», - ասել է Հայաստանի վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին