Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «TRIPP ուղին խոստումնալից ներդրումային ծրագիր է, որը համագործակցության մեծաթիվ հնարավորություններ է բացում՝ երկաթուղիներից մինչեւ էներգետիկա»։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական շարժընթացի պայմաններում «Խաղաղության խաչմերուկի» գաղափարն իրականություն է դառնում՝ ունենալով ողջ ներուժը ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ՝ շատ ավելի ընդգրկուն աշխարհագրությամբ ամբողջ դինամիկան փոխելու համար:
Հայաստանը եւ ԱՄՆ-ն, երկուստեք որոշվելիք երրորդ կողմերի հետ համատեղ, կիրականացնեն «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագիծը, որը զգալի ազդեցություն կունենա տարածաշրջանում եւ դրանից անդին կապակցվածության ամրապնդման վրա՝ ամբողջովին համահունչ լինելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տեսլականին։
Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ մեր տարածաշրջանը թե՛ քաղաքականապես, թե՛ լոգիստիկապես պատրաստ է բացահայտել իր չօգտագործված ներուժը եւ ինտեգրվել Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ ավելի ընդգրկուն, անխոչընդոտ կապակցվածության մեջ։
Հետեւաբար, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Եվրոպական միության ներգրավվածության ավելացումը տեղի է ունենում շատ ճիշտ պահի, եւ Հայաստանը պատրաստ է կամուրջ կառուցել այս տարածաշրջանների միջեւ՝ խթանելով ոչ միայն ենթակառուցվածքային կապերը, այլեւ թվային, էներգետիկ եւ կարգավորող դաշտի փոխգործունակությունը եւ կառուցակարգային համապատասխանեցումը Եվրամիության հետ»,- «Համաշխարհային դարպասներ» երկրորդ համաժողովի իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել եւ զարգացող այս գործընկերությունը եզակի հնարավորություններ է ստեղծում.
«Որպեսզի Հայաստանն ավելի խորը եւ ռազմավարական մակարդակում մասնակից դառնա Եվրոպայի կապակցվածության զարգացող տեսլականին, մասնավորապես՝ «Համաշխարհային դարպասներին», Սեւծովյան ռազմավարությանը, Միջին միջանցքին, Անդրեվրոպական տրանսպորտային ցանցին եւ այլոց»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: