Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Հայաստանը մոտ 30 տարի ղեկավարվել է ռազմական հանցագործների կողմից»:
Սեպտեմբերին 25-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում՝ Ալիեւը հայտարարել է, որ «2020 թվականին, գրեթե 30 տարվա անարդյունք բանակցություններից հետո, Ադրբեջանը ստիպված էր օգտվել ինքնապաշտպանության իրավունքից ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն»:
«Հաղթական պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանը պատրաստակամություն հայտնեց նոր էջ բացել Հայաստանի հետ հարաբերություններում ՝ հիմնված տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա: Մենք հինգ հիմնարար սկզբունքներ առաջադրեցինք՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, ներկայացրեցինք խաղաղության պայմանագրի նախագիծը:
Այնուհետեւ մեր նախաձեռնությամբ սկսվեց բանակցային գործընթացը նախագծի տեքստի շուրջ, որը տեւեց 2022 թվականի հոկտեմբերից մինչեւ 2025 թվականի ամառ: Չնայած տարբեր սադրանքներին, բանակցությունները դրական արդյունքներ տվեցին, քանի որ տարվում էին բացառապես երկկողմ հիմունքներով՝ առանց որեւէ արտաքին միջամտության», - ասել է Ադրբեջանի նախագահը:
«Ս.թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին խաղաղության պայմանագրի տեքստը: Նույն օրը Ադրբեջանի նախագահը եւ Հայաստանի վարչապետը համատեղ հայտարարություն ստորագրեցին: Որպես վկա այն ստորագրեց նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Բացի դրանից, Ադրբեջանը եւ Հայաստանը համատեղ դիմում հղեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ դրա հետ կապված կառույցների փակման մասին՝ որպես հնացած մեխանիզմ, որն այլեւս առնչություն չունի խաղաղ գործընթացի հետ: Այդպիսով, սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ-ն որոշում ընդունեց այս կառույցների վերջնական փակման մասին:
Տարածաշրջանային հաղորդակցությունները հաստատուն խաղաղության մեր տեսլականի հիմքում են: Վաշինգթոնյան գագաթնաժողովի կարեւոր արդյունքներից մեկը «Միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար Թրամփի ուղին» է (TRIPP), որը անարգել անցում կապահովի Զանգեզուրի միջանցքով եւ կամրապնդի տարածաշրջանային կապերը», - նշել է Իլհամ Ալիեւը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: