Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ Պակիստանի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհաք Դարը ստորագրել են Հայաստանի եւ Պակիստանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե։
Ստորագրման արարողությունը կայացել է օգոստոսի 31-ին Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում։
«Կոմյունիկեի ստորագրմամբ Հայաստանը եւ Պակիստանը հաստատում են դիվանագիտական հարաբերություններ։ Երկու երկրների կառավարությունները ձգտում են զարգացնել բարեկամական հարաբերություններ՝ ՄԱԿ կանոնադրությանը համապատասխան՝ ներառյալ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման, ագրեսիայի բացառման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, հավասարության, փոխշահավետության եւ խաղաղ գոյակցության սկզբունքները։
Հայաստանի եւ Պակիստանի կառավարությունները համաձայնել են փոխանակվել Ներկայացուցիչներով եւ միմյանց ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը՝ «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961 թ. Վիեննայի կոնվենցիային եւ միջազգային սովորույթային պրակտիկային համապատասխան փոխադարձության հիման վրա դիվանագիտական հարաբերությունների կյանքի կոչման նպատակով», - ասված է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: