Երեւան: Մեդիամաքս: Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները։
Հարց ու պատասխանը ներկայացնում ենք ստորեւ.
- Տիկին Բաղդասարյան, Իլհամ Ալիեւը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները եւ Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որեւէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել եւ անվտանգ կապ Ադրբեջանի տարածքների միջեւ։ Այդ հարցն, ըստ նրա, արծարծվել է նաեւ Աբու Դաբիում ՀՀ վարչապետի հետ կայացած հանդիպմանը։ Նաեւ հավելել է, որ իրենց տարածքում չեն լինի «օպերատոր, տարածքի վարձակալություն կամ վարձույթ»։ Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումն այս հարցում։
- Հայաստանը երբեւէ որեւէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը եւ դրանից բխող տրամաբանությունը։ Հայաստանի թե Ադրբեջանի, թե միջազգային մյուս գործընկերների հետ քննարկում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Հայաստանը նաեւ ակնկալում է Ադրբեջանի տարածքով Հայաստանի Սյունիքի մարզի եւ ՀՀ մնացած մասի միջեւ, ինչպես նաեւ երրորդ երկրներից եւ դեպի երրորդ երկրներ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում։
Իր հերթին Հայաստանը պատրաստ է իր տարածքով ապահովել Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ, ինչպես նաեւ Ադրբեջանից դեպի երրորդ երկրներ եւ երրորդ երկրներից տրանսպորտային հաղորդակցությունը։ Այս ամենը պետք է տեղի ունենա երկու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության լիարժեք հարգման եւ փոխադարձության սկզբունքով։
Ս/թ հուլիսի 10-ին Աբու Դաբիում եւ դրանից առաջ կամ դրանից հետո որեւէ այլ տարբերակ Հայաստանը չի քննարկել եւ չի քննարկելու։ Ադրբեջանի նախագահի ասածը, թե Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը, դուրս է տեղի ունեցած քննարկումների տրամաբանությունից։ Դա, ըստ էության, թաքնված տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ, ինչը ընդունելի չի կարող լինել եւ հակասում է մինչեւ այս տեղի ունեցած բանակցությունների, համաձայնությունների ոգուն եւ տառին։ Ինչպես վարչապետ Փաշինյանը նշել է ս/թ հուլիսի 16-ի իր ասուլիսում, Հայաստանի տարածք մուտք գործող, այդ թվում՝ տարանցիկ բեռները եւ քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր մաքսային եւ սահմանային հսկողություն՝ միջազգայնորեն ընդունված չափանիշներով։ Հայաստանը չի կարող չտիրապետել տեղեկատվությանը, թե ով մուտք գործեց իր տարածք, մուտք գործելուց հետո արդյո՞ք դուրս եկավ, թե ոչ։
Քաղաքացիների եւ նրանց ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը չի կարող չստուգվել, իսկ անհամապատասխանության դեպքում նրանց մուտքը ՀՀ տարածք չի կարող թույլատրվել։ Հայաստանը չի կարող չտիրապետել տեղեկատվությանը, թե տարանցիկ նպատակով իր տարածք մուտք գործած բեռը կամ իրը դուրս եկա՞վ ՀՀ տարածքից, թե ոչ, հակառակ դեպքում կարող է մաքսանենգության եւ արգելված ապրանքների շրջանառության անվերահսկելի աղբյուր բացվել։ Հայաստանը չի կարող չտիրապետել տեղեկատվության, թե իր տարածքով ի՞նչ բեռներ են անցնում, որովհետեւ, օրինակ, եթե քիմիական նյութերով բեռնված վագոն կամ բեռնատար վթարվի, դրա հետեւանքները կրելու է մեր երկիրը եւ այդ հետեւանքների վերացմամբ զբաղվելու են ՀՀ համապատասխան ծառայությունները։ Հայաստանի տարածքը հատելիս մեր երկրի համապատասխան ծառայություններին չհանդիպելու որեւէ տարբերակ չկա։ Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանն ունեն միջազգային մի շարք պարտավորություններ, օրինակ, սեփական տարածքում միջազգային հանցավորության տարբեր դրսեւորումները կանխարգելելու եւ հակազդելու վերաբերյալ, իսկ նման պարտավորությունները պետություններն իրացնում են ի թիվս այլնի, իրենց մաքսային ու սահմանային ծառայությունների միջոցով։ Հետեւաբար, Հայաստանի համար նաեւ այս առումով հասկանալի չէ Ադրբեջանի հայտարարությունը։ Այլ բան, եւ դրա մասին վարչապետ Փաշինյանը հայտարարել է հուլիսի 16-ի իր ասուլիսում․ այդ հանդիպումները Հայաստանի սահմանային եւ մաքսային կետերում կարող են տեղի ունենալ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, երբեմն առանց կոնտակտի, կենսաչափական անձնագրերով ու բեռների առցանց հայտարարագրմամբ ու սքանավորմամբ։ Հիմա սա ընդունված ձեւաչափ է աշխարհի բազմաթիվ երկրներում։
Ամեն դեպքում, ՀՀ տարածքով անցնող վագոնները պետք է նաեւ կապարակնքվեն, դրանցից մաքսանենգ ապրանքների արտանետումը բացառելու համար։ Նաեւ տարանցման համար գոյություն ունեն միջազգայնորեն ընդունված վճարներ։ Երկաթուղու դեպքում դրանք այլ են, խողովակաշարերի դեպքում՝ այլ, ավտոճանապարհներին՝ բեռնատար մեքենաների համար՝ այլ, մարդատար մեքենաների համար՝ այլ, եւ երբեմն երկրները փոխադարձության սկզբունքով համաձայնության են գալիս տարիֆների մասին։ Բոլոր դեպքերում համապատասխան համաձայնեցված վճարներ պետք է վճարվեն, եւ ՀՀ պետական բյուջեն պետք է եկամուտներ ստանա տրանսպորտային հաղորդակցությունների վերագործարկումից։
Ինչ վերաբերվում է անվտանգությանը, ՀՀ-ն ինքն է ապահովում իր տարածքով անցնող ճանապարհների, բեռների, տրանսպորտային միջոցների եւ ուղեւորների անվտանգությունը։ «Խաղաղության խաչմերուկ» նախագծով նախատեսված հաղորդուղիների համար անվտանգության լրացուցիչ մեխանիզմներ են նախատեսվել, ներառյալ ՀՀ ԱԱԾ կազմում այդ նպատակով հատուկ ստորաբաժանման ստեղծումը։ Հայաստանը պատրաստ է ապահովել տարանցման անվտանգությունը թե բեռների, թե տրանսպորտային միջոցների, թե խողովակաշարերի, թե մալուխների եւ թե, իհարկե, ուղեւորների համար։ Ինչ վերաբերում է երկու երկրներում տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակման համար անհրաժեշտ ներդրումներին, ամեն երկիր ինքն է որոշում իրեն հարմար ներդրումային սխեմաները։ Վարչապետ Փաշինյանը հուլիսի 16-ի ասուլիսում հստակ ասել է, որ ՀՀ տարածքում ներդրումային որեւէ սխեմա չի կարող լինել ՀՀ տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից եւ իրավազորությունից անդին։
- Խոսելով ադրբեջանական կողմում՝ մինչեւ Հայաստանի եւ Իրանի սահման, երկաթուղու կառուցման մասին՝ Իլհամ Ալիեւը նշել է, որ իրենք գրեթե ավարտում են երկաթուղու շինարարությունը, եւ, հավանաբար, մեկ տարուց էլ պակաս ժամանակում, գուցե նույնիսկ հաջորդ տարվա գարնանը, երկաթուղու ադրբեջանական հատվածը կառուցված կլինի։ Նա նշել է, թե վերջին հինգ տարիներին հայկական կողմից որեւէ աշխատանք չի տարվել, այդ հարցը իբր դիտավորյալ հանվում է օրակարգից։ Ալիեւի խոսքով՝ այս դեպքում «Հայաստանի՝ երբեւէ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունները գրեթե զրոյի են հավասար եւ եթե Հայաստանը շարունակի խոչընդոտել գործընթացը, կհայտնվի ոչ միայն տրանսպորտային, այլեւ՝ քաղաքական մեկուսացման մեջ»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական կողմի նման պնդումները։
- Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդուղիները ապաշրջափակելու վերը շարադրված առաջարկները ՀՀ կառավարությունը Ադրբեջանին արել է շարունակաբար։ Ավելին, նախորդ տարի նոր առաջարկ է արվել Ադրբեջանին, ըստ որի՝ Հայաստանի լոկոմոտիվները հայաստանցի մեքենավարներով եւ վերը նշված սկզբունքների իրագործմամբ կարող են ապահովել երկաթուղային բեռնափոխադրումները Ադրբեջանի Արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության, ինչպես նաեւ Սյունիքի մարզի եւ Հայաստանի Հանրապետության մյուս հատվածների միջեւ։ Լիազորված եմ վերահաստատել Հայաստանի կողմից վերը շարադրված բոլոր լուծումները իրագործելու պատրաստակամությունը։ Ինչ վերաբերում է երկաթուղու շինարարությանը, Ադրբեջանում կառուցվող երկաթուղին ունի նաեւ ներքին նշանակություն (Բաքուն եւ Ադրբեջանի Արեւմտյան շրջաններ կապում է իրար)։ Հայաստանի Սյունիքի մարզում 42 կմ երկարությամբ երկաթուղի կառուցելու շարժառիթ կունենա միայն Ադրբեջանի հետ համաձայնության պարագայում, քանի որ այդ երկաթուղին առանց Ադրբեջանի հետ համաձայնության չի կարող օգտագործվել նույնիսկ Հայաստանի ներքին բեռնափոխադրումների համար։ Այնպես որ, տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակումը օրակարգից հանելու՝ Հայաստանին ուղղված մեղադրանքը հիմնավոր չէ։ Ադրբեջանի հետ համաձայնությունների ձեռքբերումից անմիջապես հետո նշված երկաթուղու շինարարությունը կմեկնարկի, իսկ նախապատրաստական աշխատանքներ արդեն տարվում են, օրինակ՝ Նռնաձոր գյուղի համար նոր ճանապարհի կառուցումը, որի հետ ավտոմոբիլային հաղորդակցությունը այժմ տեղի է ունենում նախկին երկաթուղու շերտով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: