Trend. Ալիեւն ու Փաշինյանը քննարկել են համաձայնագրի նախաստորագրումը - Mediamax.am

624 դիտում

Trend. Ալիեւն ու Փաշինյանը քննարկել են համաձայնագրի նախաստորագրումը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանական Trend գործակալությունը հայտնում է, որ Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանդիպումը Աբու Դաբիում «անցել է կառուցողական մթնոլորտում»:

«Տեղի են ունեցել լուրջ եւ բովանդակալից քննարկումներ խաղաղության օրակարգի հիմնական ուղղությունների շուրջ՝ սահմանների սահմանազատում, Զանգեզուրի միջանցքի բացում եւ զարգացում, խաղաղության համաձայնագրի նախաստորագրում», - նշվում է հաղորդագրության մեջ:

 

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր հաղորդագրություն էր տարածել Աբու Դաբիում կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման վերաբերյալ, որում, մասնավորապես, ասված էր.

 

«ՀՀ վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ:

 

Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձեւաչափն են, եւ այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը:

 

Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ:

 

Կողմերը նաեւ պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջեւ երկկողմ բանակցությունները եւ վստահության ամրապնդման միջոցները»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին