Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել Աբու Դաբիում կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման վերաբերյալ:
Դրանում, մասնավորապես, ասված է.
«ՀՀ վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ:
Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձեւաչափն են, եւ այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը:
Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ:
Կողմերը նաեւ պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջեւ երկկողմ բանակցությունները եւ վստահության ամրապնդման միջոցները:
Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահը երախտագիտություն են հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին ջերմ հյուրընկալության եւ երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար»:
















