Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի իրավապահ մարմիններին իրենց լիազորությունները գերազանցելու մեջ մեղադրելու Բաքվի փորձերը միջամտություն են Ռուսաստանի ներքին գործերին։
Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ՝ Ադրբեջանի դեսպանին կանչելու վերաբերյալ։
«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ հանդիպման ժամանակ դեսպանին բողոք է ներկայացվել Բաքվի վերջին ոչ բարեկամական գործողությունների, երկկողմ հարաբերությունները կազմաքանդելուն ուղղված ադրբեջանական կողմի գիտակցված քայլերի կապակցությամբ։ Դրանց թվում են միջպետական երկխոսության շրջանակներում բարձր մակարդակի միջոցառումների չեղարկումը, իշխանությունների դրդմամբ ադրբեջանական լրատվամիջոցներում սանձազերծված ռուսատյաց արշավը, ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից ռուսական Sputnik Azerbaijan լրատվական գործակալության եւ դրա աշխատակիցների դեմ ձեռնարկված զայրացնող եւ անընդունելի գործողությունները, հանրապետությունում Ռուսաստանից կատարողների, այդ թվում՝ մանկական ստեղծագործական խմբերի մասնակցությամբ բոլոր մշակութային միջոցառումների չեղարկումը։
Ադրբեջանի դիվանագիտական առաքելության ղեկավարին բանավոր նոտա է հանձնվել, որով պահանջվում է անհապաղ ազատ արձակել Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներին։
Ընդգծվել է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված քննչական գործողությունները կատարվել են Ռուսաստանի օրենսդրությանը լիովին համապատասխան՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում նախորդ տարիներին կատարված ծանր հանցագործությունների փաստի վերաբերյալ քրեական գործերի քննության շրջանակներում։
Իրավասու մարմինների տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանի իրավապահ մարմիններին իրենց լիազորությունները գերազանցելու մեջ մեղադրելու Բաքվի փորձերը միջամտություն են Ռուսաստանի ներքին գործերին։ Ռուսաստանի Դաշնության Քննչական Կոմիտեն մանրամասն տեղեկատվություն է տրամադրել այս հարցի վերաբերյալ», - ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: