Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել Ռուսաստանի եւ սաստկացնել հանրային հռետորաբանությունը:
Պատճառը հունիսի 27-ին Եկատերինբուրգ քաղաքում ադրբեջանցիների ձերբակալություններն են, որոնք, նախաքննության տվյալներով, հանցավոր խմբի անդամներ են եւ կասկածվում են սպանություններ կատարելու համար:
Ռուսաստանի հասցեին կոշտ հայտարարություններ են անում ինչպես պետական պաշտոնյաները, այնպես էլ պետության կողմից վերահսկվող բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հունիսի 29-ին ադրբեջանական պետական Ազերթաջ լրատվական գործակալությունը այս թեմայով երկու տասնյակից ավել հրապարակում է արել: Ընդ որում, դրանցում Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ են հնչեցրել ոչ միայն Ադրբեջանի պետական եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչները, այլեւ Ուկրաինայի Գերագույն Ռադայի անդամը, վրացի եւ ռումինացի քաղաքագետները, Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպանը:
Հունիսի 28-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ադրբեջանցիների վրա հարձակումների կապակցությամբ:
«Խորը անհանգստություն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության կողմից հունիսի 27-ի առավոտյան ժամերին Եկատերինբուրգում ադրբեջանցիների տներ ներխուժելու կապակցությամբ:
Արդյունքում զոհվել են մեր հայրենակիցները, ոմանք ծանր մարմնական վնասվածքներ են ստացել, 9 մարդ ձերբակալվել է:
Ռուսական կողմից ակնկալում ենք, որ այս փաստի անհապաղ քննություն կանցկացվի եւ այս անթույլատրելի բռնությունը գործաց անձինք ամենասեղմ ժամկետներում պատասխանատվության կենթարկվեն», - ասված էր հայտարարության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: