Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանը պետք է երկխոսություն սկսի «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» հետ:
«Հայկական հասարակության մեջ խորապես արմատացած ատելությունը թյուրքական ժողովուրդների նկատմամբ, «Մեծ Հայաստանի» առասպելը, այս երկրի սահմանադրության մեջ առկա տարածքային հավակնությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ եւ արեւմտյան ադրբեջանցիներին վերադառնալու հնարավորություն չտրամադրելը խոչընդոտում են խաղաղությանը:
Հայաստանը պետք է վերջ դնի հարեւան պետությունների նկատմամբ իր տարածքային հավակնություններին, քայլեր ձեռնարկի ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնման եւ պաշտպանության ուղղությամբ, թույլատրի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնիտորինգային առաքելությունը այդ նպատակով եւ երկխոսություն սկսի համայնքի հետ վերադարձի հարցի շուրջ: Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի՝ երբ եւ ինչ պայմաններով արեւմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց պատմական հայրենիք: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը կընդունի համայնքի ներկայացուցիչներին այս հարցի կապակցությամբ», - ասվում է Իլհամ Ալիեւի ուղերձում Անկարայում ընթացող «Վերադարձը Արեւմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարեւոր պայման» համաժողովի մասնակիցներին:
«Կցանկանայի հատուկ ընդգծել, որ արեւմտյան ադրբեջանցիների վերադառնալու ցանկությունը չի նշանակում տարածքային հավակնություններ ներկայացնել Հայաստանին, որը պետք է հրաժարվի այս ցանկությունը նման լույսի ներքո ներկայացնելու փորձերից: Այս հարցը չի հանվի Ադրբեջանի օրակարգից մինչեւ վերադարձը տեղի չունենա: Բնականաբար, իրենց հայրենիք վերադարձող արեւմտյան ադրբեջանցիներին պետք է նաեւ անվտանգության երաշխիքներ տրամադրվեն», - հայտարարել է Ալիեւը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: