Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ «խաղաղության պայմանագրով նախատեսվում է ստեղծել երկկողմ մեխանիզմ՝ հանձնաժողով, որը կհետեւի պայմանագրի կատարմանը, կզբաղվի բոլոր այն հնարավոր դժվարություններով եւ անհարթություններով, որոնք կարձանագրվեն գործընթացի ընթացքում»։
«Այլ կերպ ասած, մենք ձեւավորում ենք գործիքակազմ այդ մարտահրավերները կառավարելու նպատակով։ Հետեւաբար, ակնկալիքը, թե խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ պետք է լուծված լինեն բոլոր հնարավոր հարցերը, մեր գնահատմամբ, ո՛չ արդարացի է, ո՛չ էլ իրատեսական։
Աշխարհում չկա որեւէ խաղաղության համաձայնագիր, որը պատասխաներ բոլոր հնարավոր հարցերին։ Եթե երկու հասարակություն ունի թշնամանքի, բախումների պատմություն, նրանք չեն կարող ամեն ինչ լուծել մեկ փաստաթղթով»,- Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Արարատ Միրզոյանը:
Նա նշել է, որ «կա գաղափար խաղաղության պայմանագիրը ստորագրել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին»:
«Ինչպես ինձ է թվում, Թուրքիայի հրապարակային դիրքորոշումն այն է, որ մեր կարգավորման գործընթացը լավ է ընթանում։ Սա իմ անձնական մեկնաբանությունն է։ Ընդհանուր տպավորությունս հետեւյալն է՝ Թուրքիան ասում է, այո, մեր երկկողմ գործընթացը լավ է ընթանում, ունենք Հայաստան–Թուրքիա հարաբերությունների լիարժեք կարգավորման մտադրություն, բայց չենք կարող այն ամբողջությամբ ավարտին հասցնել, քանի դեռ Հայաստան-Ադրբեջան կարգավորումը լիովին իրականացված չէ։
Այսինքն, մեր ընկալումն այն է, եւ դա նաեւ իմ անձնական տեսակետն է, որ եթե սկսենք հակառակ կողմից, եթե կարողանանք լիարժեք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, դա միանշանակ դրական ազդեցություն կունենա նաեւ հայ-ադրբեջանական կարգավորման վրա»,- ասել է ԱԳ նախարարը:
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ գործընթացում եղել են միջնորդներ՝ ՌԴ, ԱՄՆ, Եվրոպական միություն.
«Սակայն բանակցությունների պատմությունը ցույց է տալիս՝ երկկողմ բանակցություններն ամենահաջողն են: Հնարավոր է՝ բոլոր այն երկրները, որոնք հետաքրքրված են Հարավային Կովկասում խաղաղությամբ, հետաքրքրված են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում խաղաղությամբ, կարող են մասնակցել այս գործընթացին ինչ-որ ձեւով։ Բայց երբ խոսքը վերաբերում է կոնկրետ բանակցություններին, երբ մենք մենակ ենք՝ երկու երկրները մեկ սենյակում, մենք հեշտությամբ մտքեր ենք փոխանակում։ Ուստի, հավանաբար, մեզ այլ միջնորդություն անհրաժեշտ չէ»:
Արարատ Միրզոյանի խոսքով՝ «ՀՀ կառավարության եւ վարչապետ Փաշինյանի խաղաղության օրակարգը լիարժեք աջակցություն ունի հայ հասարակության կողմից».
«Ընդհանուր առմամբ, մենք ունենք մեծամասնության աջակցությունը։ Ժամանակը անցնում է, այս աշխարհում ոչինչ անվերջ չէ, եւ, իհարկե, իրավիճակները կարող են փոխվել։ Ակնհայտ է, որ եթե կարգավորման գործընթացում ունենանք արդյունքներ, եթե, օրինակ, խաղաղության պայմանագիր ստորագրենք, հաղորդակցության ենթակառուցվածքները բացվեն, մարդիկ սկսեն կամ վերականգնեն առեւտրային կապերը, սկսեն շփումներ, մարդասիրական խնդիրները սկսեն լուծվել եւ այլն, ապա դա կհանգեցնի հարաբերությունների բնական, բարիդրացիական զարգացման։ Այդ պարագայում հակամարտության դարաշրջան վերադարձն ավելի ու ավելի անհավանական ու անիրական կդառնա։
Նույնը կարող եմ ասել նաեւ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման մասին։ Եթե բացենք սահմանը, սկսենք իրականացնել համատեղ էներգետիկ նախագծեր, եթե ուղիղ առեւտրի ծավալներն ավելանան, դա կփոխի տրամադրությունը։ Մենք իսկապես ունենք այս հնարավորության պատուհանը»:
Արտգործնախարարի կարծիքով՝ «առաջ գնալու համար պետք է մի քիչ ավելի շատ քաջություն, ըմբռնում եւ մի փոքր ավելի շատ կենտրոնացում եւ հավատ ապագայի նկատմամբ»:
«Պատմությունը պատմություն է, հիշողությունը՝ հիշողություն։ Շատ դժվար է մոռանալ նախնիներին ու մոռանալ պատմությունը։ Բայց մի բան է հարգանք մատուցել անցյալին, պատմությանը, եւ բոլորովին այլ բան ապրել անցյալով։ Անցյալում մնալը շատ հեշտ է։ Մենք նախընտրում ենք ապագան։ Դա պետք է անենք համատեղ։ Գիտեք, ես մենակ չեմ կարող դա անել։ Իմ թուրք գործընկերն էլ մենակ չի կարող։ Ոչ ոք մենակ չի կարող։ Բայց միասին կարող ենք հիշել պատմությունը եւ միեւնույն ժամանակ առաջ շարժվել ու կառուցել ավելի լավ ապագա։ Սա ընտրության հարց է, ի՞նչ ենք մենք ընտրում»,- եզրափակել է Արարատ Միրզոյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: