«Պայմանագրի համաձայնեցված տեքստում չկա որեւէ դրույթ «միջանցքի» մասին» - Mediamax.am

517 դիտում

«Պայմանագրի համաձայնեցված տեքստում չկա որեւէ դրույթ «միջանցքի» մասին»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ «խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտն եւ տեքստի համաձայնությունը չափազանց կարեւոր հանգրվան է»:

«Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում չկա որեւէ դրույթ, այսպես կոչված, միջանցքի մասին: Ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որեւէ բան համաձայնագրում չկա։ ՀՀ բոլոր երկաթուղիները, ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու են ՀՀ-ի ինքնիշխանության եւ օրենսդրության ներքո:

 

Համաձայնեցված տեքստում չկա նաեւ որեւէ դրույթ այն մասին, որ մինչեւ ԽՍՀՄ փլուզումը երկու երկրում բնակեցված եւ հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքները, որտեղ իրենց նախնիներն ապրել են»,- Ազգային ժողովում ասել է նախարարը:

 

Նա նշել է, որ համաձայնագրի տեքստում «միակողմանի որեւէ կարգավորում չկա, ինչպես նաեւ՝ չկա սահմանադրությունների մասին կարգավորում, որի մասին խոսել է ադրբեջանական կողմը»:

 

«Խաղաղության որեւէ համաձայնագիր միանգամից բոլոր հնարավոր հարցերի պատասխանները չի տալիս, կախարդական փայտիկով երկու երկրների ժողովուրդներին բարեկամներ չի դարձնում: Կլինեն գերզգայուն հարցեր, որոնք հետո պետք է քննարկվեն, լուծվեն»,- ասել է Արարատ Միրզոյանը:

 

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ Հայաստանը դուրս բերի Եվրամիության դիտորդական առաքելությունն իր սահմաններից, Արարատ Միրզոյանն ասել է.

 

«Այն պահին, երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, այդ պարագայում Հայաստանը ԵՄ դիտորդական առաքելության հետ համագործակցության մասով ընդունելի ու փոխշահավետ լուծումների կգնա»:

 

Նա հավաստիացրել է, որ Ադրբեջանի եւ միջազգային գործընկերների հետ քննարկումներում «մշտապես ուշադրության կենտրոնում են այն հարցերը, որոնք դուրս են մնացել, օրինակ, խաղաղության համաձայնագրի տեքստից»:

 

«Խնդրի ամբողջական կարգավորման համար առաջին հերթին ուշադրության կենտրոնում են եղել հումանիտար հարցերը եւ դրանց լուծման անհրաժեշտությունը:

 

Մենք, ինչպես նախկինում, այժմ եւս համարում ենք, որ հումանիտար հարցերի լուծումը, առաջին հերթին, գերիների, պատանդառված եւ այլ պահվող անձանց ազատ արձակումը շատ կարեւոր բաղադրիչ է համապարփակ կարգավորման համար»,- եզրափակել է Արարատ Միրզոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին