Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից:
Եղիշե Կիրակոսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «ցանկանում է առավել կենտրոնանալ ակադեմիական/գիտական եւ մասնագիտական գործունեության վրա՝ նպաստելով Հայաստանում միջազգային իրավունքի ամրապնդմանը, ինչպես նաեւ իրավագիտական կրթության զարգացմանը»:
«Որոշում եմ կայացրել լքել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը։
Վարչապետի աշխատակազմում սկսել եմ աշխատել 2018-ից որպես վարչապետի խորհրդական, որի ընթացքում նախաձեռնել եմ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» օրենքի մշակումը, որի հիման վրա ստեղծվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։ 2019թ.-ից ի վեր գրասենյակն ընդլայնել է իր գործառույթների շրջանակը՝ ապահովելով ՀՀ շահերի ներկայացում ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանում, միջազգային արբիտրաժային տրիբունալներում, օտարերկրյա ներպետական դատարաններում եւ հաշտարարության վարույթներում։
Միաժամանակ, գրասենյակն իր հիմնադրումից ի վեր իրականացրել է մարդու իրավունքների միջազգային չափորոշիչների ներդրումն իրավական ակտերի նախագծերում։
2020թ. 44-օրյա պատերազմից ի վեր գրասենյակը ձեռնամուխ է եղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում եւ Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ միջպետական գանգատների ներկայացմանը, ինչպես նաեւ ընթացիկ միջպետական դատական եւ արբիտրաժային վարույթների շրջանակներում ՀՀ շահերի արդյունավետ պաշտպանությանը։ Գրասենյակը նաեւ նախաձեռնել է մի շարք առանցքային միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի մասին Հռոմի կանոնադրության, «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» 1899թ. եւ 1907թ. Հաագայի կոնվենցիաների վավերացման գործընթացները։
Երախտագիտությունս եմ հայտնում Հայաստանի վարչապետին վստահության համար։ Շնորհակալ եմ նաեւ պետական համակարգի բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։
Վստահ եմ, որ Գրասենյակը կշարունակի պատշաճ եւ արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի շահերի ներկայացումը միջազգային դատական եւ արբիտրաժային գործընթացների շրջանակում»,- ասվում է Կիրակոսյանի հայտարարությունում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: