Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Մոսկվայում ասել է, որ միջազգային հարթակներում «ՀՀ-ն փորձում է հաշվի առնել Ռուսաստանի շահերը»:
«Կարեւոր ցուցիչ է համագործակցությունը միջազգային հարթակներում. մենք միշտ փորձում ենք ըմբռնումով վերաբերվել Ռուսաստանի շահերին: Կա ցանկություն եւ ըմբռնում՝ ռուսական կողմը միջազգային հարթակներում որոշ չափով հաշվի առնի Հայաստանի շահերը»,- Մոսկվայում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է Արարատ Միրզոյանը:
Նա Ռուսաստան կատարած իր այցն արդիական է համարել հարաբերությունների դինամիկայի տեսանկյունից:
«Երեւանը շահագրգռված է Մոսկվայի հետ արդյունավետ քաղաքական երկխոսությամբ: Իմ այս այցը լավ հնարավորություն է՝ քննարկել երկկողմ հարցերը, ինչպես նաեւ մի շարք արդիական հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում իրականացնել: Հայաստանը շահագրգռված է շարունակել արդյունավետ քաղաքական երկխոսությունը՝ ուղղված մեր երկկողմ հարաբերությունների եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանային իրավիճակի վրա ազդող հարցերի քննարկման ուղղությամբ»,- ասել է Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր հաղորդակցությունները տարածաշրջանում.
«Ուրախ եմ հաստատել տնտեսական եւ տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման Հայաստանի տեսլականը, որի իրականացումն ակնկալվում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում»:
Իր հերթին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է՝ Մոսկվան պատրաստ է աջակցել Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորմանը:
«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կարգավորելու համար, որոնք ձեռք են բերվել 2020 եւ 2022 թվականներին եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա: Մոսկվայի տեսանկյունից այդ պայմանավորվածությունները նախկինի պես արդիական են՝ հատկապես տարածաշրջանում առկա իրավիճակի լույսի ներքո: Տարածաշրջանային անվտանգությունը զգալի տեղ է զբաղեցնում Հարավային Կովկասի ուղղությամբ մեր գործողություններում»,- ընդգծել է ռուս դիվանագետը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: