Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ասել է, որ իր երկիրը Հայաստանից «լուրջ եւ գործուն քայլեր» է ակնկալում։
«Համաձայնեցված են խաղաղության պայմանագրի նախագծի ներածական մասն ու 17 հոդվածներից 15-ը։ Երկու հոդված դեռ ամբողջությամբ համաձայնեցված չեն։ Բանակցությունները շարունակվում են։ Բացի խաղաղության պայմանագրի տեքստից, կա եւս մեկ լուրջ եւ բաց հարց՝ Հայաստանի Սահմանադրության եւ մի շարք նորմատիվ իրավական ակտերում Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների առկայությունը։ Այս ուղղությամբ Հայաստանից ակնկալում ենք լուրջ եւ գործուն քայլեր։ Մենք լսում ենք բոլոր հայտարարություններն ու ուղերձները եւ նկատում ենք իրական քայլերի լուրջ բացակայություն»,- ասել է Բայրամովը։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի ԱԳ նախարարը նաեւ հայտարարել է.
«2024 թվականին մենք տեսանք Հայաստանին միակողմանի աջակցության դեպքեր ինչպես ԱՄՆ-ի դեմոկրատական վարչակազմի, այնպես էլ մի շարք եվրոպական մայրաքաղաքների կողմից։ Անցյալ տարվա ապրիլի 5-ին հանդիպում էր կայացել ԱՄՆ պետքարտուղարի, Եվրոպական հանձնաժողովի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ։ Եվ դրան դժվար էր որեւէ բացատրություն տալ։ Նման կանխակալ մոտեցումը կողմերից, որոնք փորձում են ներկայանալ որպես միջնորդ, անընդունելի է»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: