«Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից» - Mediamax.am

542 դիտում

«Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից»


Լուսանկարը` https://www.primeminister.am/


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն այսօր ասել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, եւ այս պահին «կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա»:

«Եվրամիության անդամակցության գործընթացը զուգահեռ օրակարգ է, մեր խնդիրը ոչ թե այդ օրակարգերը քննարկելն է, այլ՝ մեր տնտեսության դիմակայությունն ու մրցունակությունը բարձրացնելը: Էական չէ՝ Հայաստանը կլինի ԵՄ-ում, թե՝ ԵԱՏՄ-ում, մեր տնտեսությունը պետք է ավելացնի մրցունակությունը, մեր արտադրողականությունը պետք է աճի»,- ասուլիսի ժամանակ ասել է նա:

 

Նախարարի խոսքով՝ «որեւէ պարագայում չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ այլ կառույցով»:

 

«Հայաստանի տնտեսությունը պետք է լինի անկախ: Մենք ուզում ենք լինել անկախ, իսկ անկախությունն այն է, երբ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից, եւ բոլորն էլ ինչ-որ չափով քեզանից են կախված: Մենք պետք է դառնանք մի պետություն, որ եթե մեզ հետ ինչ-որ բան պատահի, այլ երկրների տնտեսության հետ էլ բան պատահի եւ այդ դեպքում մեզ հետ ոչինչ չի պատահի»,- ասել է Գեւորգ Պապոյանը:

 

Նախորդ շաբաթ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել էր, Ռուսաստանը Հայաստանում Եվրոպական միությանը միանալու մասին օրենքի նախագծի քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) հանրապետության դուրս գալու մեկնարկ։

 

Նա նշել էր, որ Մոսկվան «Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը կառուցելու է՝ հաշվի առնելով այս հանգամանքը»։

 

«ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, քանի որ երկու միություններն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ: «Անհնար է պատկերացնել, որ այս երկու միավորումները ինչ-որ կետում կհատվեն։ Ուստի Հայաստանում քննարկվող «Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագիծն երկիրը դնում է ընտրության առաջ»,- պարզաբանել էր նա։

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին