Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ամփոփիչ ասուլիս է տվել՝ ներկայացնելով ՀՀ արտաքին քաղաքականության 2024 թվականի արդյունքները:
Մեդիամաքսն առանձնացրել է մի քանի հատված ասուլիսից
Ադրբեջան, խաղաղության պայմանագիր
Քանի դեռ խաղաղության պայմանագիրը փաստ չէ, անընդհատ էսկալացիայի հնարավորություն կա: Միայնակ խաղաղություն կառուցելն անհնար է, բայց մենք կարող ենք շարունակել կառուցողական աշխատանքը խաղաղության հասնելու ուղղությամբ: Պաշտոնական Երեւանն աշխատում է միջազգային գործընկերների հետ եւ կարծում է, որ ճնշող մեծամասնությունը համարժեք պատկերացում ունի բանակցությունների ներկա փուլի եւ կողմերի կառուցողական կամ ոչ կառուցողական լինելու մասին։
Քանի դեռ բանակցությունները շարունակվում են, հավանական եմ համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը: Երեւի Ադրբեջանը չի ուզում խաղաղության պայմանագիր այս տեքստով, որովհետեւ եթե ուզեր՝ կստորագրվեր: Կա երկու երկիր, մեկը մենք ենք, մյուսը ագրեսիվ հայտարարություն է անում, նույն կերպ հակադարձել այդ երկրին՝ իմանալով, որ շահեկան վիճակում չես հայտնվի, ճիշտ չէ: Գուցե հենց նպատակն էլ դա է ավելի խոշոր շնաձկների կողմից, որ այդ խայծը կուլ տաս, իրենք էլ քեզ կուլ տան:
Թուրքիա
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը գուցե շատ ավելի հեշտացներ եւ դրական ազդեցություն ունենար նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի համար։ Թուրքական կողմը հարաբերությունների կարգավորումը շարունակում է կապել Հայաստան-Ադրբեջան կարգավորման հետ։ Իմ ընկալմամբ՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորելը գուցե շատ ավելի հեշտացներ եւ դրական ազդեցություն թողներ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վրա։
Հայաստանը ոչ թե պատնեշ է, այլ՝ կամուրջ
Հայաստանը չի ուզում, չի պատրաստվում եւ շահեկան էլ չէ լինել պատնեշ, մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ բոլոր երկրներն ուզում են հարաբերություններ, առեւտուր, շարժ ունենալ մնացած բոլոր երկրների հետ։ Սա բխում է պետությունների կենսական շահերից։ Մենք ուզում ենք լինել ոչ թե պատնեշ, այլ՝ կամուրջ այլ պետությունների, մեր հարեւան երկրների միջեւ: Մենք ուզում ենք լինել ոչ թե սեպ, այլ՝ կապող օղակ, կամուրջ։
Ռուսական ռազմաբազա եւ ռուս սահմանապահներ
Եթե Թուրքիայի հետ լինի գործող բաց սահման, եթե երկրների միջեւ լինի բարձր վստահություն, ինչպես Հայաստանի եւ Իրանի միջեւ, ապա հնարավոր է՝ դիտարկվի եւ քննարկվի հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին կրճատելու հարցը:
Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց այս պահին օրակարգում չկա:
ԱՄՆ
Միացյալ Նահանգների հետ ռազմավարական երկխոսություն է հաստատվել, մենք պայմանավորվել ենք դրանք բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Քննարկումներ են ընթանում, հանդիպումներ են նախատեսվում համապատասխան փաստաթղթի ստորագրման շուրջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: