Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ «Հայաստանում տեղի ունեցող սպառազինման գործընթացը նոր սպառնալիքի գործոն է Հարավային Կովկասի համար»:
«Ուզում եմ եւս մեկ անգամ ասել, որ մենք չենք կարող դիտորդի դերում մնալ եւ ոչինչ չձեռնարկել։ Ես բազմիցս ասել եմ Հայաստանի ղեկավարությանը, որ դա կարող է նոր սպառնալիք ստեղծել», - ասել է Ալիեւը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
«Եւս մեկ մտահոգիչ փաստն այն է, որ անցյալ տարվա ապրիլին պատմության մեջ առաջին անգամ ստեղծվեց համագործակցության շատ տարօրինակ հարթակ՝ Ամերիկա, Եվրամիություն եւ Հայաստան։ ԱՄՆ պետքարտուղարը, Եվրոպական հանձնաժողովի նախագահը եւ Հայաստանի վարչապետը հանդիպել էին Բրյուսելում եւ փաստացի պայմանավորվածություն էին ձեռք բերել նոր համագործակցության վերաբերյալ։ Մեր ունեցած տեղեկություններով, մինչ այդ հանդիպումը ձեռք բերված համաձայնությունը ռազմական բաղադրիչ է ունեցել, որը հետագայում պաշտոնապես հանվել է, բայց դե ֆակտո շարունակում է մնալ այնտեղ։ Ըստ էության, դա թե՛ Եվրահանձնաժողովին, թե՛ ԱՄՆ-ին դուրս է թողել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացից: Այդ մասին մենք նրանց արդեն տեղեկացրել ենք։ Եթե որեւէ մեկը որեւէ կողմ է բռնում, նա այլեւս չի կարող ազնիվ միջնորդ լինել: Ահա թե ինչու անցած ամիս ԱՄՆ պետքարտուղարի խնդրանքը օդում կախված մնաց եւ Ադրբեջանը չհամաձայնեց եռակողմ հանդիպմանը։ Ինչպես գիտեք, Բրյուսելում բազմաթիվ հանդիպումներ էին տեղի ունենում Եվրամիության Խորհրդի նախագահի նախաձեռնությամբ։ Դրան եւս վերջ է տրվել»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
«Մենք խաղաղություն ենք ուզում։ Մենք ուզում ենք, որ պատերազմի էջն արդեն շրջվի: Սակայն տեսնում ենք, որ թե՛ Հայաստանը, թե՛ նրա նոր հովանավորները դա չեն ցանկանում։ Նրանք ապրում են ռեւանշիստական գաղափարներով, եւ Հայաստանն իրականում սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար։
Հայկական անկախ պետությունն, ըստ էության, ֆաշիստական պետություն է։ Նայեք ՀՀ առաջին նախագահի ռասիստական ու ֆաշիստական հայտարարություններին, որոնք որքան տգեղ են, այնքան էլ վտանգավոր: Նա էթնիկ զտումները ներկայացնում է որպես հպարտության աղբյուր՝ պարծենալով ադրբեջանցիներին իրենց պատմական նախնիների հողերից վտարելով։
Մեր նկատմամբ 30-ամյա օկուպացիոն քաղաքականությունը միայն Հայաստանի նախաձեռնությունը չէր: Այն նրա հետ համերաշխ իսլամատյաց, ադրբեջանատյաց, ռասիստական, այլատյաց շրջանակների եւ օտար երկրների ներկայացուցիչների համատեղ արդյունքն է։ Մենք սահմանակից ենք նման ֆաշիստական պետության հետ, եւ ֆաշիզմի սպառնալիքը չի վերանում։ Ահա թե ինչու ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կոչնչացնի կա՛մ Հայաստանի ղեկավարությունը, կա՛մ մենք կկործանենք։ Այլ ելք մենք չունենք։
Հայաստանի առաջին երեք առաջնորդները ֆաշիստական գաղափարախոսության կրողներ են եղել։ Ինչպես արդեն ասել եմ, Հայաստանի ներկայիս ղեկավարը ցանկանում է իրեն խաղաղության աղավնի ներկայացնել։ Բայց տեսեք նրա ելույթները 2018-2019 թվականներին՝ հիմա ոչ ոք չի ցանկանում հիշել դրանք։
Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը. Ֆրանսիան եւ նրան զենք մատակարարող մյուս երկրները պետք է խզեն եւ չեղյալ հայտարարեն այդ պայմանագրերը։ Հայաստան արդեն առաքված զենքերը պետք է վերադարձվեն. Սա մեր պայմանն է։ Ես իմ խոսքն եմ ասում, եւ Հայաստանը ու նրանք, ովքեր կանգնած են նրա թիկունքում, գիտեն, որ եթե մենք ինչ-որ բան ասում ենք, ապա շատ լուրջ ենք վերաբերվում դրան»,- ասել է Ալիեւը։
Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ «խաղաղության պայմանագրի հետ կապված մեր բոլոր պայմանները նույնպես կընդունվեն, քանի որ դրանցում ոչ մի արտառոց բան չկա»։
«Մինսկի խմբի վերացում, սահմանադրության փոփոխություն՝ առանց դրա խաղաղության պայմանագիրն անհնար է։ Եթե Հայաստանին պետք չէ խաղաղության պայմանագիր, ուրեմն այն մեզ էլ պետք չէ։ Մենք առանց այն ստորագրելու էլ կարող ենք ապրել եւ վարել մեր քաղաքականությունը։ Բայց հայկական կողմին խորհուրդ կտայի ամեն ինչ ուշադիր կշռադատել, այդ թվում՝ աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունները։ Նրանց մտերիմները խայտառակ ձեւով հեռանում են քաղաքական ասպարեզից։ Երեկ լուր ստացանք, որ Հայաստանի եւ Փաշինյանի մտերիմ ընկեր պարոն Թրյուդոն ստիպված է եղել հրաժարական տալ։ Սա այն երկիրն է, որը Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ եւ դրանից հետո վառ հակաադրբեջանական դիրքորոշում էր որդեգրել։
Երեկ Ֆրանսիայի նախագահը հերթական անգամ անհեթեթ մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին։ Կարծես թե պարոն Մակրոնն առանց Ադրբեջանի ապրել չի կարող։ Նրան հետապնդում է ինչ-որ մոլուցք, եւ նա ուզում է իր բոլոր մեղքերը բարդել մեզ վրա: Եթե մենք այնքան ենք հզորացել, որ կարող ենք խառնվել Ֆրանսիայի ներքին գործերին ու ինչ-որ բան փոխել, ապա դրանով միայն կարող ենք հպարտանալ։
Ամերիկայում ավարտվել է Սորոսի դարաշրջանը: Բայդենի վարչակազմն, ըստ էության, ղեկավարվել է Սորոսի ոճով։ Պատահական չէ, որ Բայդենի վերջին որոշումներից մեկը Սորոսին Ամերիկայի բարձրագույն պարգեւ շնորհելն էր։ Այսինքն՝ այս սորոսականներն իրականում կորցնում են իրենց դիրքերը։ Հայաստանի ղեկավարությունը պետք է դա էլ հաշվի առնի»,- ասել է Իլհամ Ալիեւը։
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի եւ կբացվի»։
«Որքան շուտ հասկանան դա, այնքան լավ։ Ինչո՞ւ պետք է Ադրբեջանի անբաժանելի մաս հանդիսացող Նախիջեւան այլ տարբեր ուղիներով մեկնենք։ Մենք պետք է ուղիղ կապ ունենանք, եւ այդ կապը կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը։ Նրանք պարզապես պարտավոր են կատարել նոյեմբերի 10-ի Հայտարարության դրույթները։ Այնտեղ ամեն ինչ հստակ նշված է։ Ավելի քան չորս տարի մենք ցանկանում ենք, որ այս հարցը լուծվի բանակցությունների միջոցով։ Որքա՞ն պետք է սպասենք եւ ինչո՞ւ պետք է սպասենք: Մի անգամ ասել եմ՝ նրանք մեզ չպետք է չնյարդայնացնեն ու պետք է հասկանան, որ այստեղ ձայնի իրավունքը մերն է։ Ադրբեջանը Հարավային Կովկասում առաջատար տնտեսություն է, առաջատար ռազմական ուժ եւ առաջատար պետություն։ Ժամանակակից աշխարհում ուժի գործոնն առաջին պլանում է եւ ոչ ոք չպետք է մոռանա դրա մասին»,- ասել է Ալիեւը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: