Ջեֆրի Սաքս. «ԱՄՆ-ն Հայաստանը չի փրկելու» - Mediamax.am

4659 դիտում

Ջեֆրի Սաքս. «ԱՄՆ-ն Հայաստանը չի փրկելու»


Լուսանկարը` scmp.com


Երեւան: Մեդիամաքս: Ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսի կարծիքով, «ԱՄՆ-ն երբեք չի փրկելու Հայաստանը»։

«Մի այսպիսի առասպել կա. «ԱՄՆ-ն մեզ կփրկի»։ Ես այդ առասպելին հանդիպել եմ աշխարհի տարբեր հատվածներում, բայց ես գիտեմ, որ ԱՄՆ-ն երբեք չի փրկելու Հայաստանը։ Ոչ թե այն պատճառով, որ Հայաստանի դեմ ինչ-որ բան ունի, այլ այն պատճառով, որ ամերիկացիների 99%-ը չգիտի, թե որտեղ է Հայաստանը, եւ նրանց դա չի հետաքրքրում։ Չեմ ուզում դաժան թվալ, բայց ուզում եմ ճշմարտացի լինել: Ողջ կյանքումս տեսել եմ, թե ինչպես են տարբեր երկրներ ԱՄՆ-ից հրաշքներ ակնկալել, սակայն դրանից լավ բան դուրս չի եկել։ Ավելին, հաճախ շատ վատ բաներ են պատահել»,- ասել է պրոֆեսորը Conversations on Groong փոդքաստին տված հարցազրույցում։

 

 

Ջեֆրի Սաքսը նշել է, որ 2008 թվականի գարնանը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ելույթ էր ունեցել ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհրդում եւ ասում էր. «Մենք Եվրոպայի կենտրոնն ենք, մենք եվրոպական երկիր ենք, մենք պատրաստվում ենք դառնալ ՆԱՏՕ-ի, Եվրամիություն անդամ»։

 

«Երբ դուրս եկա այդ հանդիպումից, զանգահարեցի կնոջս եւ ասացի. «Այդ մարդը խելագար է, նա պատրաստվում է կործանել իր երկիրը», - պատմել է Սաքսը:

 

«Իմ խորհուրդը միշտ սա է՝ նայեք քարտեզին եւ փորձեք լավ հարաբերություններ ունենալ ձեր հարեւանների հետ։ Ես դա ես ասում եմ բոլոր երկրներին»,- ընդգծել է պրոֆեսորը։ Նա կարծիք է հայտնել, որ Հարավային Կովկասի երեք երկրները եւ երեք տարածաշրջանային տերությունները՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, պետք է «համակարգված երկխոսություն» վարեն։

 

«BRICS-ը կարող է շատ կարեւոր լինել Հայաստանի համար, քանի որ BRICS-ն այժմ ներառում է Իրանը։ Այն ներառում է Ռուսաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Հնդկաստանը։ Այս բոլոր երկրները նշանակալի են Հայաստանի համար եւ՛ տնտեսական, եւ՛ աշխարհաքաղաքական առումով։ Այո, հաջողության երաշխիքներ չկան, բայց սա շատ ավելի լավ տարբերակ է, քան ասել, որ «ՆԱՏՕ-ն մեզ կփրկի»։ Դա չի աշխատելու»,- ասել է Ջեֆրի Սաքսը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին