Պուտինի եւ Էրդողանի զրույցը. կողմերի շեշտադրումների տարբերությունը - Mediamax.am

826 դիտում

Պուտինի եւ Էրդողանի զրույցը. կողմերի շեշտադրումների տարբերությունը


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ։

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։

 

«Վլադիմիր Պուտինն ընդգծել է արմատական խմբավորումների կողմից սիրիական պետության դեմ ահաբեկչական ագրեսիան արագ դադարեցնելու եւ օրինական իշխանությունների ջանքերին լիարժեք աջակցություն ցուցաբերման անհրաժեշտությունը՝ երկրում կայունությունն ու սահմանադրական կարգը վերականգնելու համար, մասնավորապես՝ օգտագործելով տարածաշրջանում Անկարայի առկա հնարավորությունները։

 

Այս կապակցությամբ առաջնորդները հանդես են եկել փոխգործակցության ամրապնդման օգտին՝ ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ Աստանայի գործընթացի շրջանակներում։ Նշվել է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ հետագա սերտ համակարգման կարեւորությունը Սիրիայում իրավիճակի կարգավորման գործում։

 

Երկու երկրների նախագահները կշարունակեն շփումները՝ ճգնաժամի դեէսկալացիայի համար քայլերի որոնման համատեքստում»,- ասված է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

 

Իսկ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է.

 

«Հայտարարելով, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Սիրիայում արդար եւ կայուն լուծման հասնելու համար՝ աջակցելով Սիրիայի տարածքային ամբողջականությանը, նախագահ Էրդողանը ընդգծել է տարածաշրջանում դիվանագիտության համար ավելի շատ հնարավորություններ ստեղծելու կարեւորությունը եւ շեշտել է, որ սիրիական ռեժիմը պետք է ներգրավվի քաղաքական լուծում գտնելու գործընթացում։

 

Նշելով, որ Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների համատեքստում խաղաղ բնակչությանը վնաս հասցնելու կանխումը ամենակարեւոր խնդիրն է, նախագահ Էրդողանն ասել է, որ Սիրիան չպետք է դառնա ավելի մեծ անկայունության աղբյուր, եւ որ Թուրքիան անում է հնարավոր ամեն ինչ Սիրիայում հանգստությունը վերականգնելու համար։

 

Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի պահպանել իր վճռական դիրքորոշումը ահաբեկչական PKK կազմակերպության եւ նրա մասնաճյուղերի դեմ պայքարում, որոնք փորձում են օգտվել Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններից»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին