Ալիեւը չի թաքցնում, որ գոհ է Թրամփի հետ նախկին գործակցությունից - Mediamax.am

2911 դիտում

Ալիեւը չի թաքցնում, որ գոհ է Թրամփի հետ նախկին գործակցությունից


Լուսանկարը` https://1news.az/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «սրտանց շնորհավորել է Դոնալդ Թրամփին»՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Իլհամ Ալիեւի ուղերձում ասվում է.

 

«Ընտրություններում Ձեր համոզիչ հաղթանակը բարեկամ ամերիկյան ժողովրդի մեծ աջակցության եւ վստահության ակնհայտ արտահայտությունն է անձամբ Ձեզ եւ Ձեր քաղաքական կուրսի նկատմամբ։ Ադրբեջանական Հանրապետությունը հատուկ նշանակություն է տալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը։

 

Ձեր առաջին նախագահական ժամկետում Դուք մեծ ուշադրություն եք դարձրել Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջեւ բարեկամության եւ համագործակցության հարաբերությունների ամրապնդմանը, մեր համագործակցության կայուն եւ հետեւողական զարգացմանը։ Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ այդ ընթացքում փոխվստահության եւ աջակցության վրա հիմնված մեր գործընկերությունը, այդ թվում՝ համատեղ գործունեությունը մի շարք կարեւոր ոլորտներում դինամիկ զարգանում էր։ Կցանկանայի հատկապես ընդգծել Ձեր շարունակական ամուր աջակցությունը Ադրբեջանի էներգետիկ ռազմավարությանը։

 

Օգտագործելով Միացյալ Նահանգների հետ մեր փոխգործողության հսկայական ներուժը՝ մենք լի ենք վճռականությամբ ավելի ընդլայնել եւ խորացնել մեր երկկողմ գործընկերությունը բոլոր ոլորտներում, ներառյալ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, անվտանգություն, կանաչ, թվային անցման եւ այլ ոլորտներում: Հավատում ենք, որ Ձեր նոր նախագահական ժամկետում Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն, եւ համագործակցության նոր ոլորտներ կբացահայտվեն։

 

Ադրբեջանը հետագայում եւս կշարունակի Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության ամրապնդմանն ուղղված իր գործունեությունը։

 

Վստահ եմ, որ մենք կշարունակենք համատեղ ջանքեր գործադրել՝ ամրապնդելու Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջեւ բարեկամական հարաբերությունները եւ խթանելու գործընկերությունը՝ հիմնված մեր երկրների ազգային շահերի վրա, ներառյալ ազգային անվտանգության շահերը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին