Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը չի սատարում ո՛չ Թրամփին, ո՛չ Հարիսին - Mediamax.am

645 դիտում

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը չի սատարում ո՛չ Թրամփին, ո՛չ Հարիսին


Լուսանկարը` https://www.mei.edu/


Երեւան: Մեդիամաքս: Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասել է, որ «ԱՄՆ նախագահական թեկնածուներից որեւէ մեկը չի վաստակել մեր աջակցությունը»։

Այս մասին նա ասել է ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ ամերիկահայ համայնքին ուղղված ուղերձում:

 

«ԱՄՆ նախագահական թեկնածուներից երկու կողմն էլ պատասխանատվություն է կրում Ադրբեջանին զինելու, Ադրբեջանի կողմից ցեղասպանություն իրականացնելու օժանդակելուն եւ Արցախը լքելու համար։ Որեւէ մի կողմ չի հրաժարվել կամ չեղարկել այս անխոհեմ, անպատասխանատու եւ ցեղասպանությանն աջակցող քաղաքականությունը:

 

Գիտակցելով, որ քարոզարշավի հայտարարություններն օգնում են մոտավոր ուղենիշ սահմանել Վաշինգտոնում մեր խնդիրների ձեւակերպման համար՝ այնուամենայնիվ, հաշվի ենք առնում մեր սեփական փորձը, երբ ակնհայտորեն չի ներկայացվում որեւէ տեսակի պայմանագրային պարտավորություն փաստացի քաղաքականության համար, պաշտոնը ստանձնելուց հետո:

 

Քաղաքական գործիչները ձգտում են վաստակել մեր ձայները, ինչով էլ պետք է աշխատի մեր ժողովրդավարությունը: Թեեւ մենք ոգեւորված ենք մեր աջակցությունը ստանալու համար առկա մրցակցությունից, հիմնական հարցը մնում է այն, որ խոսքերը բավարար չեն: Խոշոր կուսակցական թեկնածուներից ոչ մեկը չի ունեցել այն կոնկրետ արդյունքները, որոնք ի վիճակի են ապահովել մեր աջակցությունն ընտրություններից առաջ։ Մենք վաղուց թեւակոխել ենք այն օրը, երբ հավատում էինք քարոզարշավային շատ հաճախ դատարկ խոստումներին, թե ինչ են անելու թեկնածուները ընտրվելուց հետո:

 

Այսօր կան գործողություններ, որոնք կարող են իրականացվել.

 

Հանրապետականները. Օրինակ, նախագահ Թրամփը կարող է հրապարակայնորեն կոչ անել խոսնակ Ջոնսոնին ընդունել 7288 բանաձեւը` կիրառելով 907-րդ հոդվածի սահմանափակումը ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օժանդակության վերաբերյալ: Ջեյ Դի Վենսը, որպես ԱՄՆ գործող սենատոր, կարող է հովանավորել 540 բանաձեւը, որն ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից ԱՄՆ-ի օժանդակության օգտագործումը հակահայկական ռազմական հանցագործություններ կատարելու համար:

 

Դեմոկրատները. Փոխնախագահ Հարիսը կարող է հայտարարել վարչակազմի կողմից 907-րդ բանաձեւի պաշտոնական կիրարկման, Ադրբեջանի դեմ Մագնիցկու պատժամիջոցների կիրառման եւ COP29-ին մասնակցելուց հրաժարվելու մասին, քանի դեռ բոլոր հայ պատանդները ազատ չեն արձակվել»,- ասվում է ուղերձում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին