Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննադատել է Եվրամիությանն ու ԱՄՆ-ին, որոնք, իր պնդմամբ, աջակցում են Հայաստանին։
«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ոչ ոք նացիստական Գերմանիային խաղաղության պայմանագիր չէր առաջարկել։ Նացիստական Գերմանիան բաժանվել էր մի քանի մասի, իսկ կապիտալացված ֆաշիստական պետությունը պատժվել էր։ Իսկ այստեղ կապիտալացված ֆաշիստական պետությունը ոչ միայն չպատժվեց, այլ նրան արտոնյալ պայմաններ են տրամադրվում։ Հիմա Ամերիկան նրանց հատկացնում է 250 միլիոն դոլար, որը նրանք կօգտագործեն իրենց ներքին նպատակների համար, իսկ խնայված գումարով զենք կգնեն մեզ սպանելու համար։ Ո՞վ է պատասխան տալու դրա համար։ Նրանք, ովքեր նրանց տվել են այս գումարը»,- ասել է Ալիեւը՝ սեպտեմբերի 23-ին ելույթ ունենալով Ադրբեջանի խորհրդարանում։
«Նրանք, ովքեր զինում են Հայաստանը, պետք է իմանան, որ իրենք են կրելու անմիջական պատասխանատվությունն ապագա բոլոր իրադարձությունների համար, եւ, բնականաբար, մեր նկատմամբ պաշտոնական տարածքային պահանջներին պետք է վերջ դրվի։ Նրանց սահմանադրությունը պետք է փոխվի, եւ Մինսկի խումբը նույնպես պետք է վերացվի։
Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում։ Նա ցանկանում է ժամանակ ձգել եւ, օգտագործելով ժամանակը՝ իր օտարերկրյա հովանավորների աջակցությամբ զարգացնել ռազմական ներուժը: Արեւմտյան որոշ երկրների ներկայացուցիչներ արդեն սկսել են աշխատել հայկական բանակում։ Մեր սահմանին ապօրինի կերպով ստեղծվել է այսպես կոչված «եվրոպական խաղաղ» կամ «դիտորդական» առաքելություն։ Թեեւ դա ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում է։ Ուզում եմ հիշեցնել եւ՛ Եվրամիությանը, եւ՛ Հայաստանին, որ 2022 թվականին Պրահայում կայացած հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ հայկական կողմում փոքր դիտորդական առաքելություն կտեղակայվի պայմանական սահմանի ուղղությամբ՝ ընդամենը երկու-երեք ամսով։ Դա համաձայնեցված էր մեզ հետ։ Սակայն հետո այն երկարաձգեցին, առանց մեր համաձայնության, մեծացրեցին կազմը՝ ներառելով Կանադայի ներկայացուցիչներին, եւ փաստացի այս առաքելությունը ՆԱՏՕ-ի առաքելություն է։ Դրանից հետո մեր դեմ սկսեցին վարել «հեռադիտակային դիվանագիտության» քաղաքականություն։ Գիշեր-ցերեկ օտարերկրյա ներկայացուցիչներ էին գալիս ու հեռադիտակով նայում մեզ։ Ի՞նչ էին ուզում մեզ ցույց տալ։ Դա ի՞նչ էժան շոու է։ Այս բոլոր գործոնները պետք է ստիպեն մեզ լրջորեն մտածել։
Ամեն դեպքում, մենք չենք նահանջի մեր դիրքերից։ Ով ինչ ուզում է, թող ասի։ Միջնորդներ մեզ նույնպես պետք չեն։ Ճիշտ է, հիմա մենք չենք առարկում միջնորդության որոշ առաջարկների՝ պարզապես քաղաքական քաղաքավարությունից ելնելով։ Բայց իրականում մեզ միջնորդներ պետք չեն։ Հայաստանի հետ մենք իրականացրեցինք սահմանի սահմանազատում առանց միջնորդների։ Պարզապես նրանց ասացինք, որ Ղազախի շրջանի 4 գյուղերը պետք է մեզ վերադարձնեն առանց որեւէ վերապահումների»,- ասել է Ալիեւը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: