Հայաստանի ԱԳՆ. Տեղահանությունը էթնիկ զտման վերջին փուլն էր - Mediamax.am

3241 դիտում

Հայաստանի ԱԳՆ. Տեղահանությունը էթնիկ զտման վերջին փուլն էր


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ռազմական հարձակման հետեւանքով Արցախի ամբողջությամբ հայաթափման մեկ տարվա կապակցությամբ:

ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է.

 

«Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչությունը՝ ավելի քան 115 000 հայ, մի քանի օրվա ընթացքում ստիպված եղավ լքել սեփական բնակավայրերը։ Այս տեղահանությունը, որը էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր, տեղի ունեցավ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում, երբ ողջ միջազգային հանրությունը հերթական անգամ քննարկում էր հակամարտությունների խաղաղ կարգավորման, կայունության հաստատման ու զարգացման հրամայականը՝ դատապարտելով ուժի կիրառման, միջազգային նորմերի, մարդու իրավունքների խախտումների դրսեւորումներն աշխարհի տարբեր անկյուններում։

 

Անցնող մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը, այդ թվում նաեւ՝ միջազգային գործընկերների աջակցությամբ, ձեռնարկեց բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հասցեագրելու ԼՂ տեղահանված հայերի առաջնային եւ միջնաժամկետ կարիքները, ինչպես նաեւ մշակելու երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ ծրագրեր։  

 

Հաջորդ շաբաթ Նյու Յորքում կրկին մեկնարկելու են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան քննարկումները. վերջին մեկ տարվա իրադարձություններն ի ցույց են դնում միջազգային կայունության ապահովման ուղղությամբ անհետաձգելի ջանքերի, խաղաղության հաստատման հնարավորություն տվող գաղափարների, քայլերի կյանքի կոչման կարեւորությունը։

Հարավային Կովկասում կայունության ապահովման հարցում Հայաստանի դիրքորոշումը հստակ է. խաղաղության եւ հարաբերությունների շուտափույթ հաստատում՝ հիմնված ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգման, տարածաշրջանում կայուն զարգացման, արդյունավետ փոխկապակցվածության, բարեկեցության ապահովման տեսլականի վրա։

 

Վերջինիս կյանքի կոչման՝ այս պահին առկա հնարավորությունը բաց չթողնելու եւ սերունդների համար առավել կայուն ու արժանապատիվ կյանքի համար նպաստավոր միջավայր ձեւավորելու նպատակով այս հարցում շահագրգիռ մյուս դերակատարներից ակնկալում ենք անհրաժեշտ քաղաքական կամքի եւ խաղաղության օրակարգին հանձնառության հստակ դրսեւորում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին