Զախարովա. ԱՄՆ-ը ձգտում է «կրկին գժտեցնել տարածաշրջանի երկրներին» - Mediamax.am

4898 դիտում

Զախարովա. ԱՄՆ-ը ձգտում է «կրկին գժտեցնել տարածաշրջանի երկրներին»


Լուսանկարը` https://infopovod.ru/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Հարավային Կովկասում ամերիկացիների հայտնվելը կավելացնի տարածաշրջանում պահպանվող հակամարտային ներուժը»։

Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, Զախարովան ասել է՝ մեկնաբանելով Հայաստանում ընթացող Eagle Partner 2024 հայ-ամերիկյան զորավարժությունները։

 

«Սա ցավալի է եւ տագնապալի, հատկապես ՀԱՊԿ-ում Երեւանի գործունեության փաստացի սառեցման եւ կազմակերպության դեմ հրապարակային ելույթների ֆոնին»,- ասել է նա։

 

Զախարովայի խոսքով՝ «տարածաշրջանում Արեւմուտքի հիմնական խնդիրը հարթակ ստեղծելն է՝ սեփական աշխարհաքաղաքական նախագծերի իրականացման համար»։

 

«Դա անելու համար նրանք պետք է վերացնեն բոլոր այն խաղաղ միտումները, որոնք այնտեղ արդեն թափ էին հավաքում, դարձյալ գժտեցնեն տարածաշրջանի երկրները։ Նրանք պետք է թույլ չտան քաղաքական մտադրությունների ամրագրումը, որոնց մասին հայտարարել են Բաքուն եւ Երեւանը եւ որոնց աջակցում են տարածաշրջանի երկրները»,- ասել է Զախարովան։

 

«Այս ամենն ունի որոշակի ուղղվածություն՝ ընդդեմ Ռուսաստանի, Իրանի եւ նույնիսկ՝ ընդդեմ Թուրքիայի։ Հայաստանին ներգրավելով իրենց հովանու ներքո անցկացվող զորավարժություններում եւ ուսումնական ծրագրերում, նրանք այդ երկրին պարտադրում են զինված ուժերի ՆԱՏՕ-ի չափանիշները։ Սա հանգեցնում է Հայաստանի անվտանգության ողջ համակարգի վերաֆորմատավորմանը եւ, որպես հետեւանք, նրա ներքին եւ արտաքին քաղաքականության վրա ազդեցության լրացուցիչ լծակների ձեռքբերմանը»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին