Հայաստանի տեսլականն է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերություն ունենալ - Mediamax.am

3676 դիտում

Հայաստանի տեսլականն է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերություն ունենալ


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսական և էներգետիկ դիմակայունության խթանման, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, անվտանգային համագործակցության և այլ ոլորտներում մեր փոխգործակցության հետագա ընդլայնման հանձնառությունն արտացոլվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական երկխոսությունը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու տեսլականում»:

Այդ մասին ասվում է Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում, որը նա հղել է Ջո Բայդենին՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ:

 

«Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բազմաշերտ և սերտ կապերը, վերջին տարիներին համագործակցության զգալի աճն ու զարգացումը, նոր ոլորտների ընդգրկումը երկկողմ օրակարգում ընդգծում են մեր գործընկերության ամրությունը՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության վրա», - նշել է ՀՀ վարչապետը:

 

Ուղերձում նաեւ ասված է.

 

«Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Նահանգների դերը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում և խորապես գնահատում է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան:

 

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին և վստահություն հայտնել, որ մեր շարունակական ու ամրապնդվող գործընկերությունն այս կարևորագույն ժամանակաշրջանում կնպաստի խաղաղ և ավելի բարեկեցիկ ապագայի կերտմանը` մեր երկու երկրների և տարածաշրջանի համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին