Սենատոր Էդ Մարկին կոչ է արել ազատել Արցախի նախկին ղեկավարներին - Mediamax.am

1150 դիտում

Սենատոր Էդ Մարկին կոչ է արել ազատել Արցախի նախկին ղեկավարներին


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Մասաչուսեթս նահանգից սենատոր Էդվարդ Մարկին (Ed Markey) կոչ է արել Միացյալ Նահանգներին եւ միջազգային հանրությանը՝ գործի դնել բոլոր հնարավոր միջոցներն ու գործիքները, այդ թվում՝ այս տարի սպասվելիք COP29-ի անցկացման հանգամանքը, ապահովելու համար Ալիեւի ռեժիմի կողմից ապօրինի ձերբակալված հայ պատանդների եւ գերիների ազատ արձակումը:

 

 

Սենատորի ելույթի ողջ ընթացքում ցուցադրվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ապօրինի ձերբակալման լուսանկարը:

 

Իր ելույթում Էդվարդ Մարկին, մասնավորապես, ասել է.

 

«2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ այդ տարածքի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելու նպատակով, ինչի հետեւանքով ավելի քան 100 հազար էթնիկ հայեր, բառացիորեն տարածաշրջանի բոլոր հայերը, զանգվածաբար արտագաղթեցին։ Այնուհետեւ Ադրբեջանը կեղծորեն հերքեց, որ ստիպել է մարդկանց հեռանալ եւ անազնվաբար խոստացավ, թե խաղաղ ճանապարհով կինտեգրի տարածաշրջանը եւ կերաշխավորի էթնիկ հայերի իրավունքները:

 

Փոխարենը, նույնիսկ նրանց կապիտուլյացիայից հետո Ադրբեջանը, որպես պատժիչ գործողություն, ձերբակալեց, այնուհետեւ՝ կալանավորեց Ղարաբաղի նախկին իշխանության ղեկավարներին, այդ թվում՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, որի լուսանկարն այստեղ է, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին եւ Արայիկ Հարությունյանին,նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանին եւ գեներալներ Լեւոն Մնացականյանին ու Դավիթ Մանուկյանին։

 

Այս ութ նախկին պաշտոնյաներն ավելի քան ութ ամիս գտնվում են նախնական կալանքի տակ։ Բոլորովին վերջերս՝ անցյալ ամիս, Ադրբեջանի իշխանությունները երկարաձգեցին նրանց կալանքը եւս հինգ ամսով՝ առանց դատավարության, առանց պատշաճ իրավական ընթացակարգի։ Ադրբեջանը պարբերաբար կիրառում է «պատանդների դիվանագիտություն»՝ երկարաձգելով անօրինական կալանքն ու ռազմագերիներին օգտագործելով որպես սակարկման առարկա՝ իր պահանջները Հայաստանին պարտադրելու նպատակով, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է։ Փաստացի, Ադրբեջանը դեռեւս պահում է տասնյակ հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, որոնց գերեվարել է 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ»:

 

Էդվարդ Մարկին տեղեկացրել է, որ նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ հորդորելով Պետքարտուղարությանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղ բանակցություններում առաջնահերթություն տալ հայ գերիների ազատ արձակմանը եւ Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքին:

 

«Մենք պետք է «ո՛չ» ասենք Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների ոտնահարումներին եւ երաշխավորենք, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Հիմա կատարյալ ժամանակն է այս զրույցը վարելու համար: Ադրբեջանը պատրաստվում է ընդունելու աշխարհի կլիմայական գագաթնաժողովը։ Մենք պետք է օգտվենք այս հնարավորությունից՝ ուշադրության կենտրոնում պահելու բոլոր այն քաղբանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանի կառավարության կողմից։ Սա մարդու միջազգային իրավունքների կոպտագույն ոտնահարում է, եւ ես կոչ եմ անում մեր կառավարությանը եւ համայն աշխարհին՝ ուշադրություն դարձնել այս քաղբանտարկյալների վրա, որ նրանք ազատ արձակվեն մինչեւ կլիմայի փոփոխությանը նվիրված գագաթնաժողովը, որն անցկացվելու է այս տարվա վերջում», - եզրափակել է սենատորը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին