Ռուսաստանը Հայաստանին կոչ է անում չվստահել Արեւմուտքին - Mediamax.am

2095 դիտում

Ռուսաստանը Հայաստանին կոչ է անում չվստահել Արեւմուտքին


Լուսանկարը` iz.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ասել է, որ «Ռուսաստանն իսկապես շահագրգռված է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմամբ», իսկ «Արեւմուտքի նպատակները, որտեղ Հայաստանի ղեկավարությունն այժմ ակտիվորեն անվտանգային նոր գործընկերներ է փնտրում, բոլորովին այլ նպատակ ունեն»։

«Գլխավոր նպատակներից մեկը Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների խաթարումն է։ Այս նպատակին հասնելու համար Վաշինգտոնը եւ նրա դաշնակիցները պատրաստ են ցանկացած քայլի, այդ թվում՝ Ռուսաստանի հարեւան պետություններում ներքաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի ապակայունացմանը։ Շահարկվում են ներտարածաշրջանային հակասությունները։ Նման գործընկերներին չի կարելի վստահել։ Ազգային շահերը եւ հայկական պետության կայունության ամրապնդումը Արեւմուտքի առաջնահերթությունների թվում չեն։ Ընդհակառակը, նրանց ձեռնտու է հետխորհրդային տարածքում լարվածության օջախներ պահպանել՝ Ռուսաստանին թուլացնելու համար, որը, ըստ էության, մնում է այստեղ անվտանգության գլխավոր երաշխավորը», - ասել է դիվանագետը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

 

«Հայաստանի ղեկավարությունը կարծես ցանկանում է օգտվել այն պահից, երբ Արեւմուտքը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում փոխգործակցության ամրապնդման հարցում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում՝ առաջարկելով համագործակցության տարբեր ձեւեր և ձեւաչափեր։ Սակայն հապճեպ որոշումները, որոնք կապահովեն Արեւմուտքի ամբողջական հասանելիությունը ազգային տվյալների բազաներին եւ երկրի անվտանգությանը վերաբերվող զգայուն տեղեկատվությանը, ոչ միայն սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլեւ կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ի մյուս դաշնակիցների հետ համատեղ աշխատանքին վերադառնալը», - զգուշացրել է Միխայիլ Գալուզինը։

 

Նա նշել է, որ «այսօր Հայաստանի առջեւ ծառացած շատ ռիսկեր կարելի էր նվազեցնել, եթե 2022 թվականին Երեւանը համաձայներ ՀԱՊԿ-ի միջոցով Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված մի շարք միջոցառումների իրականացման առաջարկին»։

 

«Խոսքը լուրջ նախաձեռնությունների մասին էր, այդ թվում՝ ռազմատեխնիկական աջակցության, դիտորդական առաքելություն ուղարկելու, սահմանապահ զորքերի պատրաստման հարցում օգնության։ Ցավոք սրտի, Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որն ամենեւին չի պաշտպանում պետության սահմանները, այլ մոնիտորինգի անվան տակ զբաղված է Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ»,- նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին