Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերն ասել է, որ ապրիլի 5-ին նախատեսված Հայաստանի վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հանդիպումը «նվիրված է Հայաստանի բարեփոխումներին, ժողովրդավարությանը, տնտեսությանը եւ դիմակայունությանը»։
Ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը հրավիրվել է առաջիկա հանդիպմանը, Մեթյու Միլերն ասել է.
«Հանդիպման թեման խաղաղ գործընթացը չէ։ Դա ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Հայաստանի հանդիպումն է՝ քննարկելու տնտեսական դիվերսիֆիկացումը, մարդասիրական օգնությունը, փախստականներին աջակցությունը եւ Հայաստանի քաղաքական բարեփոխումներին աջակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը: Դա տարածաշրջանային հանդիպում չէ»։
















