Բաքվին մտահոգում է Փաշինյանի, ֆոն դեր Լայենի եւ Բլինքենի առաջիկա հանդիպման օրակարգը - Mediamax.am

3464 դիտում

Բաքվին մտահոգում է Փաշինյանի, ֆոն դեր Լայենի եւ Բլինքենի առաջիկա հանդիպման օրակարգը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Բաքվին մտահոգում է, որ ապրիլի 5-ին կայանալիք Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի նախագահի եւ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման օրակարգում ներառված է Երեւանին ռազմական աջակցության հարցը։

«Շուրջ 30 տարի լինելով զինված ագրեսիայի, օկուպացիայի եւ էթնիկ զտումների զոհ՝ Ադրբեջանը երբեք նման անվերապահ աջակցություն չի ստացել ԵՄ-ից եւ ԱՄՆ-ից»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ապրիլի 5-ին կայանալիք հանդիպումը։

 

«Մտահոգության մեկ այլ պատճառ է Ֆրանսիայի գլխավորած արշավը՝ ուղղված Հայաստանի ռազմականացմանը, որը ներառում է նոր խոստումներ՝ ավելացնելու ռազմական մատակարարումները, ներառյալ մահաբեր եւ հարձակողական զինատեսակները: ԵՄ անդամ մեկ այլ երկիր՝ Հունաստանը, վերջերս հայտարարություններ է արել Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու մասին։ Բացի այդ, Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու ծրագրերը եւ հաղորդագրություններն այն մասին, որ ապրիլի 5-ի հանդիպումը ներառում է ռազմական բաղադրիչ, լրացուցիչ անհանգստության պատճառ են դառնում եւ խաթարում են տարածաշրջանում խաղաղության կառուցելու ջանքերը», - ասել է դիվանագետը:

 

Նա հիշեցրել է, որ նախնական երկամսյա ժամկետի ավարտից հետո ԵՄ կարճաժամկետ դիտորդական առաքելությունը՝ առանց Ադրբեջանի համաձայնության, վերափոխվել է Հայաստանում ԵՄ առաքելության՝ ժամկետի զգալի երկարաձգմամբ եւ դիտորդների շատ ավելի մեծ թվով։

 

«Առաքելությունն ակտիվորեն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք։ Բացի այդ, Կանադայի անդամակցությունը EUMA-ին դե ֆակտո հիշեցնում է ՆԱՏՕ-ի առաքելությունը»,- ասել է Հաջիզադեն։

 

«ԵՄ-ին կոչ ենք արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի EUMA-ն գործի որպես խստորեն չեզոք, քաղաքացիական եւ անզեն առաքելություն՝ իր հայտարարած մանդատին համապատասխան եւ ձեռնպահ մնա ցանկացած գործողությունից, որն ուղղված է Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ կամ ցանկացած այլ կերպ շոշափում է նրա օրինական անվտանգության շահերը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին