Ամերիկացի վերլուծաբանը Արևմուտքին կոչ է անում «Հայաստանը չզոհաբերել» - Mediamax.am

3368 դիտում

Ամերիկացի վերլուծաբանը Արևմուտքին կոչ է անում «Հայաստանը չզոհաբերել»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Երեւան։ Մեդիամաքս։ American Enterprise Institute գիտահետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Մայքլ Ռուբինի կարծիքով, ԱՄՆ-ն ու Եվրոպան անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու համար:

«Հայերը հույսը դրել էին Ռուսաստանի վրա Թուրքիայից պաշտպանվելու համար։ Երկու երկրների դաշինքը կառուցված էր սրտի ու մտքի վրա, բայց ընդամենը երկու տարվա ընթացքում Պուտինի ամբարտավանությունն ու անկարողությունը փոխեցին Հայաստանը։ Հայերը վրդովված են, որ Պուտինը հավանություն տվեց 2020 թվականի Ադրբեջանի ագրեսիային եւ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներին՝ դեպի ժողովրդավարություն Հայաստանի կատարած շրջադարձի համար վրեժ լուծելու նպատակով»,- գրում է Ռուբինը «Ռուսաստանը սխալներ է գործում Ուկրաինայից դուրս. ինչու՞ ԱՄՆ-ը չի օգտագործում դրանք» հոդվածում:

 

Հեղինակը պնդում է, որ «այսօր Հայաստանը Հարավային Կովկասի ամենաարևմտամետ երկրների շարքում է, մինչդեռ Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը հակվում են դեպի Մոսկվա կամ Պեկին»:

 

«Ավա՜ղ, ո՛չ ԱՄՆ, ո՛չ էլ Եվրոպան բավարար քայլեր չեն ձեռնարկում Հայաստանին տնտեսական ենթակառուցվածք, գործընկերային հարաբերություններ եւ ռազմական աջակցություն տրամադրելու համար, որոնք անհրաժեշտ են մնացած զորքերին հրաժեշտ տալու համար: Եթե Սենատը 1920 թվականին չմերժեր Հայաստանի մանդատը, Խորհրդային Միությունը երբեք չէր կարողանա ամրապնդել իր վերահսկողությունը տարածաշրջանի վրա։ Վաշինգտոնը չպետք է կրկնի նույն սխալը՝ զոհաբերելով արևմտամետ երկիրը նրան շրջապատող բռնապետություններին»,- գրում է Մայքլ Ռուբինը:

 

Մեդիամաքսը նշում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Մայքլ Ռուբինը գրել էր, որ Միացյալ Նահանգները պետք է աջակցեն Հայաստանին՝ Ադրբեջանին եւ Թուրքիային միջանցք չտրամադրելու հարցում։

 

«Եթե Սպիտակ տունը լրջորեն է տրամադրված Հայաստանի հարցում, ապա պետք է մտածի իր ուժերը, գոնե ժամանակավոր հիմունքներով, Հարավային Հայաստանում տեղակայելու մասին»,- գրում էր Ռուբինը` հիշեցնելով Կանզասի ազգային գվարդիայի եւ Հայաստանի պաշտպանության նախարարության երկարամյա համագործակցության մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին