Միրզոյան. Հռոմի ստատուտը հետագա էսկալացիան կանխելու իրական ներուժ ունի - Mediamax.am

2770 դիտում

Միրզոյան. Հռոմի ստատուտը հետագա էսկալացիան կանխելու իրական ներուժ ունի


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ «ՀՀ-ի դեմ շարունակվող ագրեսիաները եւ մեր ինքնիշխան տարածքների օկուպացիան շարունակում են անմիջական վտանգ ներկայացնել մեր տարածաշրջանի համար»։

Այդ մասին նա ասել է Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) Հայաստանի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառման ժամանակ ունեցած ելույթում:

 

«ՄՔԴ-ի նկատմամբ Հայաստանի հետևողական համագործակցային մոտեցումը հիմնված է հետևյալ հիմնական նպատակների վրա.

 

1) կանխել ամենածանր հանցագործությունները, որոնք մտահոգում են ամբողջ միջազգային հանրությանը,

2) միջազգային հանրությունում օրենքի գերակայության ամրապնդումը,

3) ՄՔԴ-ն առավել համընդհանուր դարձնելը:

 

Հայաստանը հավատում է, որ չափազանց կարևոր է միջազգային դատական համակարգի ստեղծումը, որը կապահովի ցեղասպանություն և այլ ծանր հանցագործություններ կատարած անձանց պատիժը։ Հայաստանը տասնամյակներ շարունակ, Միջազգային քրեական դատարանին անդամակցելուց առաջ էլ, նախաձեռնող և առաջամարտիկ Է եղել ցեղասպանության ոճրագործության կանխարգելման և դատապարտման գործընթացներում՝ ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների և ֆորումների շրջանակներում:

 

ՄՔԴ-ի դերը հանցագործությունների կանխարգելման և հակամարտությունների խաղաղ կարգավորման համար ազնիվ և անաչառ արդարադատության գործընթացի ապահովման գործում նշանակալի է։ Ցավոք, մեր տարածաշրջանում մենք բախվեցինք ոչ միայն հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացարձակ բացակայությանը, այլ նաև պատերազմ, ատելություն և ահաբեկչություն տարածելու ակնհայտ մտադրությանը:

 

ՀՀ-ի դեմ շարունակվող ագրեսիաները և մեր ինքնիշխան տարածքների օկուպացիան, հայերի դեմ իրագործած սարսափելի ոճրագործությունները, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը, որոնց հետևանքով ավելի քան 100.000 հայեր ստիպված են եղել փախչել իրենց տներից՝ ապաստան գտնելու Հայաստանում, ունեցել են աղետալի հումանիտար հետևանքներ և շարունակում են անմիջական վտանգ ներկայացնել մեր տարածաշրջանի համար։ Այս համատեքստում մենք համոզված ենք, որ Հռոմի ստատուտը, ի թիվս այլ մեխանիզմների, իրական ներուժ ունի կանխելու հետագա էսկալացիան և ոճրագործությունները՝ դառնալով մեր տարածաշրջանում կայունության և կայուն խաղաղության ուղենիշ», - ասել է Արարատ Միրզոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին