Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ասել է, որ «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք դրսեւորի»։
«Այսօր նոյեմբերի 28-ն է, ցանկության պարագայում կարելի է գալիք 15 օրվա ընթացքում խաղաղության պայմանագիրը կնքել, եթե Ադրբեջանի իշխանությունն իրոք քաղաքական կամք դրսեւորի։ Կարելի է ասել՝ սկզբունքային գրեթե բոլոր հարցերի շուրջ եկել ենք համաձայնության»,-լրագրողների հետ զրույցում ասել է նա։
ԱԺ նախագահը նշել է, որ հայկական կողմն ամենայն պատասխանատվությամբ գնում է խաղաղության.
«Չեմ հասկանում՝ ինչու է Ադրբեջանը տարբեր ֆորմատների հանդիպումներից խուսափում: Չեմ հասկանում, թե ժամանակ ձգելն ի՞նչ է տալու Ադրբեջանին եւ տարածաշրջանին, երբ խոսում են խաղաղության մասին, սակայն հրաժարվում են ստորագրելուց: Գնդակն Ադրբեջանի դաշտում է»:
















