Բաքվում պնդում են, որ «Բլինքենը համաձայնել է Ալիեւի պայմանին» - Mediamax.am

3176 դիտում

Բաքվում պնդում են, որ «Բլինքենը համաձայնել է Ալիեւի պայմանին»


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում ասել է, որ «Վաշինգտոնի վերջին հայտարարություններն ու քայլերը լրջորեն վնասել են երկու երկրների հարաբերություններին»։

Այս մասին հաղորդել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

 

Մասնավորապես, ասվում է հաղորդագրության մեջ, Ալիեւն ընդգծել է, որ նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենի արտահայտած կարծիքները «կողմնակալ էին, չէին արտացոլում իրականությունը եւ մերժվել էին Ադրբեջանի կողմից»։

 

Նա նշել է, որ Բաքուն համարժեք արձագանքել է երկկողմ հանդիպումների եւ բարձր մակարդակի շփումների չեղարկման մասին ամերիկյան կողմի հայտարարությանը եւ իր հերթին չեղարկել ԱՄՆ վարչակարգի անդամների բարձր մակարդակի այցերը։

 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բլինքենը թույլտվություն է խնդրել, որպեսզի ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը դեկտեմբերին այցելի Ադրբեջան՝ հարաբերությունները կարգավորելու նպատակով։

 

«Նախագահ Ալիեւը համաձայնել է այն պայմանով, որ այդ այցից հետո կվերացվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ԱՄՆ այցելությունների անհիմն արգելքը։ Պետքարտուղար Բլինքենն ընդունել է այս պայմանը»,- հաղորդել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

 

Իլհամ Ալիեւի հետ Բլինքենի հեռախոսազրույցի մասին Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ ասված էր.

 

«Պետքարտուղարը ողջունել է նախագահ Ալիեւի հանձնառությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կայուն եւ պատվաբեր խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը: Պետքարտուղարն ընդունել է այն տառապանքները, որն այս երկարատեւ հակամարտությունը պատճառել է եւ՛ ադրբեջանցիներին, եւ՛ հայերին եւ ընդգծել է տարածաշրջանի համար խաղաղության օգուտները։ Պետքարտուղարը քննարկել է Ադրբեջանի հետ մեր ամուր հարաբերությունները, նշել վերջին մտահոգություն առաջացնող հարցերը, խոսել է համագործակցությունն ամրապնդելու հնարավորության մասին, հատկապես խաղաղ գործընթացի շուրջ, եւ բարձր մակարդակի ներգրավվածության կարեւորության մասին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին