Բաքուն մեղադրել է ԱՄՆ-ին եւ հրաժարվել է Վաշինգնթոնում կայանալիք հանդիպումից - Mediamax.am

3258 դիտում

Բաքուն մեղադրել է ԱՄՆ-ին եւ հրաժարվել է Վաշինգնթոնում կայանալիք հանդիպումից


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Բաքուն հրաժարվել է մասնակցել Վաշինգթոնում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից:

Այդ մասին այսօր հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:

 

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարություններին, որոնք նա արել էր նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ լսումների ժամանակ:

 

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասված է, որ Օ՛Բրայենի «միակողմանի եւ կողմնակալ հայտարարությունները հակաարդյունավետ են, անհիմն եւ անընդունելի»։

 

«Lսումներն ու արված հայտարարությունները համարում ենք որպես հարված ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում։ Ադրբեջանի հասցեին հնչած անհիմն մեղադրանքներն անտեղի են եւ խաթարում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

 

Ջեյմս Օ՛Բրայենը, մասնավորապես, ասել էր, որ «Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում խարխլել է վստահությունը եւ կասկածներ առաջացրել Հայաստանի հետ համապարփակ խաղաղություն հաստատելու Բաքվի հանձնառության վերաբերյալ»:

 

«Հաշվի առնելով այս նոր իրողությունը՝ Պետդեպարտամենտը հասկացրել է Ադրբեջանին, որ մենք չենք կարող շարունակել մեր երկկողմ հարաբերությունները «բիզնես, ինչպես միշտ» (“business as usual”) սկզբունքով։ Միացյալ Նահանգները դատապարտել են Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում, չեղարկել բարձր մակարդակի երկկողմ հանդիպումները եւ սառեցրել ապագա միջոցառումների ծրագրերը։ Մենք կշարունակենք կոչ անել Ադրբեջանի իշխանություններին՝ նպաստել Լեռնային Ղարաբաղ այն հայերի վերադարձին, ովքեր հնարավոր է ցանկանան վերադառնալ իրենց տները կամ այցելել տարածաշրջանի մշակութային վայրեր, եւ վերականգնել անարգել առեւտրային եւ հումանիտար երթեւեկությունը տարածաշրջան Լաչինի միջանցքով», - նշել էր ամերիկացի դիվանագետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին