Երեւան: Մեդիամաքս: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է «չշտապել»։
Ինչպես հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը, այդ մասին ասել է Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը` մեկնաբանելով երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ չի մասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին:
«Նախագահը, ելնելով իր փորձից եւ նմանատիպ իրավիճակներում մի քանի այլ հայտնի քաղաքական գործիչների արարքներից, ՀՀ վարչապետին առաջարկել է չշտապել, հապճեպ որոշումներ չընդունել, այլ լրջորեն մտածել հաջորդ քայլերի մասին, որոնք կարող են ուղղված լինել դեզինտեգրացիային», - ասել է Էյսմոնտը:
Ս.թ. մայիսին Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել էր «ՀԱՊԿ-ում միասնության կարեւոր դերի մասին՝ նրա անդամների ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանելու համար»։
«Վստահ եմ, որ Բելառուսի նախագահության կարգախոսը՝ «Համերաշխություն եւ համագործակցություն՝ խաղաղության եւ անվտանգության համար» համապատասխանում է ՀԱՊԿ-ի բոլոր անդամների շահերին։
Այս առումով չի կարելի շրջանցել մեր շարքերի միասնության հարցը։ Բելառուսն իր նախագահության շրջանակներում նպատակ ունի անհրաժեշտ ջանքեր գործադրել ՀԱՊԿ երկրների համախմբվածության բարձրացման համար։ Հենց առկա հակասությունների վերացման մեջ ենք տեսնում կազմակերպության հզորացման, նրա պատասխանատվության ոլորտում անվտանգության եւ կայունության ապահովման հեռանկարը։ Թույլ մի տվեք խզում մեր պատմության այս կարեւորագույն պահին։ Աշխարհի հզորները փորձում են վերաբաշխել այն, եւ մենք նրանց ուշադրության կենտրոնում ենք։ Պետք է բռնվենք միմյանցից: Մեր պետությունների ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանելու ուրիշ այլընտրանք չկա», - ասել էր Բելառուսի նախագահը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: