Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունները «կանխամտածված խեղաթյուրում են իրողությունները տարածաշրջանում, ադեկվատ չեն ու անընդունելի»։
«Հայաստանի կողմից գրեթե 30 տարվա ռազմական ագրեսիայի հանդեպ Եվրամիության անտարբերության ֆոնին Ադրբեջանի դեմ ուղղված սպառնալիքները այս կառույցի կողմնակալ քաղաքականության եւ երկակի ստանդարտների վառ օրինակն են», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«ԵՄ ներկայացուցչի մեղադրանքները վտանգ են ներկայացնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության համար»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Բաքուն հայտարարել է, որ «այն ժամանակ, երբ ԵՄ անդամ երկրները տառապում են ագրեսիվ անջատողականության միտումներից, մեր երկրի տարածքում անջատողականություն հրահրելու ԵՄ արտաքին քաղաքական կառույցի փորձերը լուրջ մտահոգության տեղիք են տալիս»։
«Հայաստանին զինելու եւ դրանով իսկ ռազմականացմանը աջակցելու ԵՄ ջանքերը, որոնք խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, խրախուսում են մի քաղաքականություն, որը հանգեցնում է նոր հակամարտությունների տարածաշրջանում, եւ դրա պատասխանատվությունն ընկնում է ԵՄ-ի վրա։
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով խոսելն անընդունելի է, եւ ցանկացած ոչ բարեկամական գործողություն դրական արդյունքի չի հանգեցնի, այլ համարժեք պատասխան կստանա»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նոյեմբերի 13-ին Բրյուսելում ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո, մասնավորապես, ասել էր.
«Խորհուրդը քննարկել է, թե ինչպես ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ եւ աջակցել նրա ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին, նրա դիմադրողականությանը, անվտանգությանը եւ երկրում բարեփոխումների շարունակության ապահովմանը: Մենք որոշեցինք ուժեղացնել մեր առաքելությունը Հայաստանում՝ ավելացնելով աշխատակիցների եւ պարեկությունների քանակը սահմանի զգայուն հատվածներում: Նաեւ կուսումնասիրենք հնարավոր աջակցությունը Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամի (European Peace Facility) շրջանակներում եւ Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման տարբերակը»։
Բորելն ասել էր նաեւ, որ ԵՄ-ն պետք է «շատ ուշադիր լինի Հայաստանի ներքին եւ արտաքին ապակայունացման ցանկացած փորձի նկատմամբ»։
«Մեր ուղերձը Ադրբեջանին հստակ է եղել. Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի եւ ծանր հետեւանքներ կունենա մեր հարաբերությունների որակի վրա», - ընդգծել էր նա։
Բորելը կոչ էր արել վերսկսել բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ հիմնվելով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի կատարած աշխատանքի վրա։
«Պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, եւ մենք հավատարիմ ենք շարունակելու մեր միջնորդական դերը», - ասել էր Բորելը՝ հավելելով, որ Եվրամիության արտաքին գործերի նախարարները որոշել են հրավիրել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ մասնակցելու ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի առաջիկա նիստերից մեկին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: