Երեւան: Մեդիամաքս: Եվրամիության արտաքին գործերի նախարարները հավանություն են տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) ընդլայնման եւ Հայաստանի հետ վիզաների ազատականացման քննարկումներն ակտիվացնելու առաջարկին:
Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում կայացած
ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո:
«Խորհուրդը քննարկել է, թե ինչպես ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ եւ աջակցել նրա ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին, նրա դիմադրողականությանը, անվտանգությանը եւ երկրում բարեփոխումների շարունակության ապահովմանը: Մենք որոշեցինք ուժեղացնել մեր առաքելությունը Հայաստանում՝ ավելացնելով աշխատակիցների եւ պարեկությունների քանակը սահմանի զգայուն հատվածներում: Նաեւ կուսումնասիրենք հնարավոր աջակցությունը Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամի (European Peace Facility) շրջանակներում եւ Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման տարբերակը»,- մանրամասնել է Բորելը:
Եվրոպական խաղաղության հիմնադրամը գործիք է, որով Բրյուսելը միջոցներ է տրամադրում Միության անդամ չհանդիսացող երկրների պաշտպանունակությունը բարձրացնելու, հակամարտությունները կանխելու եւ խաղաղությունն ամրապնդելու համար: Այս կառույցի միջոցով են Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան օգնություն են ստանում Եվրամիությունից։
Բորելը նաեւ ասել է, որ ԵՄ-ն պետք է «շատ զգոն լինի Հայաստանում ներքին եւ արտաքին ապակայունացման ցանկացած փորձի հանդեպ»։
«Մեր ուղերձը Ադրբեջանին հստակ է եղել. Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի եւ ծանր հետեւանքներ կունենա մեր հարաբերությունների որակի վրա», - ընդգծել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Բորելը կոչ է արել վերսկսել բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ հիմնվելով ԵՄ Խորհրդի նախագահի կատարած աշխատանքի վրա։
«Պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, եւ մենք հավատարիմ ենք շարունակելու մեր միջնորդական դերը», - ասել է Բորելը, հավելելով, որ Եվրամիության արտաքին գործերի նախարարները որոշել են հրավիրել
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ մասնակցելու ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի առաջիկա նիստերից մեկին։
Մեդիամաքսը նշում է, որ ս.թ. հուլիսին Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպմանը հիշեցրել էր, որ Հայաստանը դիմել էր ԵՄ-ին Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով տեխնիկական աջակցություն հատկացնելու խնդրանքով:
«Ցավոք, Հայաստանի խնդրանքը մերժվել է՝ հղում տալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բարելավման գործում ԵՄ միջնորդական ջանքերին, ինչպես նաեւ «կոնֆլիկտային զգայունության» խնդրին»,- ասել էր Ալեն Սիմոնյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: