Երեւան: Մեդիամաքս: Պետդումայի պատգամավորները որոշել են անորոշ ժամանակով հետաձգել Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, օրինագծով առաջարկվում է Հայաստանի քաղաքացիներին լրացուցիչ արտոնություններ տալ, սակայն Հայաստանի ղեկավարությունը քայլեր չի ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակն ամրապնդելու համար։
«Մենք նման որոշումներ կայացրել ենք Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի հետ կապված, քանի որ դրանցում ռուսաց լեզուն սահմանադրորեն ամրագրված է ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա տեսնում ենք, որ ռուսաց լեզվի կարգավիճակ չկա, իսկ վերջին որոշումներն ամենեւին ուղղված չեն այս ոլորտում հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Վոլոդինը։
Փաստաթուղթը նախաձեռնվել էր Ռուսաստանի կառավարության կողմից եւ Պետդումայի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել էր 2022 թվականի հունիսին։
Մեդիամաքսը հիշեցնում է, որ դեռեւս 2017 թվականի հունիսին Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել էր Հայաստանի օրենսդրության մեջ ամրագրել ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակը, որպեսզի Ռուսաստանի տարածքում ճանաչվեն ազգային վարորդական վկայականները:
Նրա ասել էր, որ Պետդումայի կողմից օրենքի ընդունումից հետո, որի համաձայն Ղրղըզստանի, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիները, որտեղ ռուսերենը ամրագրված է որպես պետական լեզու, իրավունք ստացան Ռուսաստանում վարորդ աշխատել ազգային վարորդական իրավունքներով, «Հայաստանի քաղաքացիները, փաստորեն, դուրս մնացին»:
«Կարող եմ միայն մի բան ասել. ամրագրե՛ք ռուսերենը որպես պետական լեզու, եւ այդ ժամանակ օրենքի նորմը ավտոմատ կընդգրկի նաեւ Հայաստանի Հանրապետությունը», - 2017-ին ասել էր Վոլոդինը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: