Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ։
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասված է.
«Իլհամ Ալիեւը ներողություն է խնդրել եւ խորը ցավակցություն հայտնել սեպտեմբերի 20-ին Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի (ՌԽԿ) զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ։ Ընդգծվել է, որ կատարվածի մանրակրկիտ հետաքննություն է իրականացվելու, եւ բոլոր մեղավորները պատշաճ պատիժ կկրեն։ Այդ կապակցությամբ երկու երկրների գլխավոր դատախազությունները սերտ կապի մեջ են։ Ադրբեջանի նախագահը նաեւ պատրաստակամություն է հայտնել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին։
Երկուստեք կարեւորվել է Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ ՌԽԿ աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը։ Այս համատեքստում մեծ նշանակություն է տրվում Բաքվի եւ Ստեփանակերտի ներկայացուցիչների միջեւ խաղաղապահների միջնորդությամբ սկսված բանակցություններին։
Քննարկվել են տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացման եւ հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջնահերթ քայլերը։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության ապահովման կարեւորությունը։ Վերահաստատվել է ադրբեջանական կողմի պատրաստակամությունը՝ այդ հարցերի շուրջ փոխգործակցելու ռուս խաղաղապահների հետ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել բանակցային աշխատանքը 2020-2022 թվականների հայտնի եռակողմ պայմանավորվածություններին համաձայն՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման եւ Բաքվի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման համար»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: