Երեւան։ Մեդիամաքս։ Վաշինգտոնում կայացել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:
«ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է չլուծված հարցերին, որոնց կարգավորումն առանցքային է տարածաշրջանում խաղաղության համար: Նա վերահաստատել է այդ ուղղությամբ աշխատելու Հայաստանի կամքը ՝ ընդգծելով կողմերի պարտավորությունները»,- ասված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ։
ԱԳՆ-ից հայտնել են նաեւ, որ մինչ եռակողմ հանդիպումն Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին:
«Կարեւորվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի եւ 1975թ. քարտեզի վրա, սահմանից զորքերի հետքաշումը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը՝ որպես տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման կարեւոր գործոն:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի շուրջ»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում:
Հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թվիթերում գրել է, որ «ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ աշխատանքին՝ հասնելու տեւական եւ արժանապատիվ համաձայնության»:
«Երկխոսությունը կայուն խաղաղության բանալին է»,- գրել է Էնթոնի Բլինքենը:
















