Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում «դրական դինամիկայի մասին»։
«Այս ձեւաչափը (բանակցություններ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարների մակարդակով-խմբ.) նախատեսված էր դեռ անցած տարեվերջին, սակայն այն չկայացավ։ Մենք բարձր ենք գնահատում այս հանդիպման կազմակերպումը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացում ի հայտ եկած դրական դինամիկան»,- ասել է Բայրամովը այսօր Մոսկվայում ՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում։
Ադրբեջանցի նախարարը, ում բառերը մեջբերում է Ինտերֆաքս-Ադրբեջանը, հավելել է, որ «այսօր հնարավորություն կունենանք երկկողմ հիմունքներով քննարկել տարբեր ոլորտներում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հետհակամարտային կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաեւ քննարկել Ադրբեջանի եւ Ռուսաստանի երկկողմ օրակարգը»։
















