Երեւան։ Մեդիամաքս։ Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարների այսօր կայանալիք բանակցություններին՝ «արեւմտյան երկրների կողմից մեր պետություններին «գժտեցնելու» եւ տարածաշրջանում կառուցվող անվտանգության ճարտարապետությունը խաթարելու անամոթ փորձերի ֆոնին»։
Այս մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ, որը տարածվել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ այսօր մեկնարկող Մոսկվա աշխատանքային այցին ընդառաջ։
Փաստաթղթում նշվում է, որ «Հարավային Կովկասում Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման նպաստելը՝ բարձրագույն մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան»։
«Ռուսաստանյան ջանքերի ամենակարեւոր ուղղությունը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն է։ Հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում համաձայնեցվում է կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի փաթեթ, որոնք թույլ կտան ստեղծել երկաթուղային եւ ճանապարհային հաղորդակցություն, ինչպես նաեւ կնպաստեն տնտեսական կապերի վերականգնմանը։
Հանդես ենք գալիս հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքների շարունակության օգտին։ Սահմանազատման գործընթացի մեկնարկը նպատակ ունի նպաստել սահմանային միջադեպերի դադարեցմանը։ Ռուսաստանը անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն կցուցաբերի կողմերի դիմումների դեպքում։
Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը կոչված է ամրապնդելու հարաբերությունների հիմնարար սկզբունքները, հիմքեր դնելու երկարաժամկետ հեռանկարում փոխշահավետ համագործակցության համար։ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ նպաստել այս չափազանց կարեւոր գործընթացին՝ ի շահ տարածաշրջանային կայունության», - ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: