Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Բիշքեկում հայտարարել է, որ Երեւանի համար «գազի միասնական շուկայի ձեւավորման հարցը մնում է զգայուն»։
Ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Փաշինյանը, մասնավորապես, ասել է.
«Եվրասիական օրակարգի հաջող իրականացման տեսանկյունից չափազանց կարեւոր է բոլոր հարցերի շուրջ փոխընդունելի լուծումներ գտնելը։ Այս առումով, հայկական կողմն առաջնահերթ է համարում էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ստեղծմանն ուղղված պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը։ Մասնավորապես, մեզ համար զգայուն խնդիր է մնում գազի ընդհանուր շուկայի ձեւավորումը։
Կառուցողական երկխոսության եւ փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով գնալու շնորհիվ հաջողվեց ապահովել գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային համաձայնագրի նախագծի պատրաստվածության բարձր մակարդակ։ Սակայն, հաշվի առնելով գործընթացի բարդությունը, էներգետիկ ոլորտում երկրների տարբեր հնարավորություններն ու շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունից ելնելով, մի շարք չլուծված խնդիրներ են մնում։ Մենք պատրաստ ենք ճկուն մոտեցում ցուցաբերել՝ կոնսենսուսի հասնելու եւ չլուծված հարցերի շուրջ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների շահերի հավասարակշռությունն ապահովելու համար՝ Միության ընդհանուր գազի շուկայի առավելություններն ու ներուժը լիովին օգտագործելու նպատակով»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: